Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.16-ը փետրվարի. Հայաստանում փորելով նավթ ու գազ են փնտրում (տեսանյութ)

1998-ի փետրվարի 16-ին ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը համոզված է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, թե ինչպիսին չպետք է լինի Հայաստանի նախագահը : Կուսակցության 9-րդ համագումարում այսօր նախագահի թեկնածու են առաջադրում Վազգեն Մանուկյանին: Նա մտադիր է Հայաստան վերադարձնել հեռացածներին:

Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը նույն օրը համոզված է, որ «Դրոյի» գործը թխված չէր: Մեղավորներ կային այդ գործով: Բայց ոմանց հանդեպ դատարանը խիստ է եղել: Վահան Հովհաննիսյան գումարած 30-ի պարագան մի քիչ այլ էր:

1998-ի այս օրը ՀՀՇ-ն իր 10-րդ արտահերթ համագումարում որոշում է նախագահի առաջիկա ընտրություններում չառաջադրել եւ չպաշտպանել որեւէ մեկի թեկնածությունը։ Առաջին անգամ ՀՀՇ-ն ընդդիմություն է։ Վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն ասում է, որ պետք է ազատվել քելեխային տրամադրությունից։ Փոքր-ինչ ուշացումով համագումարի աշխատանքներին է միանում նաեւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

1998-ի այս օրերին Հայաստանում նավթ ու գազ են փնտրում։ Գառնիի տարածքում հայ-ամերիկյան հետախուզական ընկերությունն արդեն հորատման աշխատանքներ է սկսել։ Արդեն փորվել է 1235 մետր։ Պետք է փորվի եւս մեկ ու կես կիլոմետր, որից հետո պարզ կլինի՝ շարունակելն իմաստ ունի՞, թե՝ ոչ։ Նավթ որոնողներն այստեղ վատ չեն ապրում։ Եվս երկու կետ կհորատվի Արմավիրի մարզում։

1999-ի այս օրերին ՀՌԱԿ-ում կրքերը բուռն են։ Տեղի է ունենում ատենապետի փոփոխություն։ Նախորդը կուսակցության աշխատանքները ղեկավարում էր հեռախոսով։ Կարծիք կա, որ խմորումների հիմքում «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրն է։Հակոբ Ավետիքյանը զարմացած է՝ ի՞նչ է եղել որ, ովքե՞ր են պառակտվում։ 1999-ի փետրվարի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց 18 քուրդ անժամկետ հացադուլ է սկսում ի պաշտպանություն վերջերս Քենիայի Հունաստանի դեսպանատանը թուրքական անվտանգության մարմինների ուժերով ձերբակալված Աբդուլահ Օջալանի։ ՄԱԿ-ի շենքը եւ հարակից տարածքներն ուժեղացված հսկողության տակ են։ Չնայած դրան, կեսօրին մի քանի քուրդ ցուցարար ներխուժում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Նրանք պահանջում են ազատ արձակել Օջալանին։ Ցուցարարները, հակառակ դեպքում, սպառնում են ինքնահրկիզվել։ Ցուցարարները տեղեկացնում են, որ ՄԱԿ-ի գրասենյակ ներխուժածներն իրենց վրա բենզին են լցրել եւ ներս չթողնելու դեպքում պատրաստ էին կրակի տալ իրենց։ Ցուցարարները շենքը թողնում են գրասենյակի ժպտադեմ ղեկավար Կատիցա Չեկալովիչի շենքից դուրս գալուց հետո իրենց հետ դուրս բերելով որոշ աշխատակիցների՝ բոլորովին անվնաս։

2000-ի փետրվարի 16-ին Հայաստանի քուրդ համայնքը կրկին ոտքի վրա է։ Քրդերը շարժվում են Ամերիկայի եւ Հունաստանի դեսպանատներ։ Հենց հույների աջակցությամբ է ձերբակալվել նրանց առաջնորդ Օջալանը։ Բողոքի գործողությունը համր էր եւ ավելին՝ փակ աչքերով։ Նույն օրը խորհրդարանը դեռ քննարկում է նույն տարվա կրթության ոլորտի բյուջեն։30 միլիարդ դրամ է հատկացվելու ոլորտին։ Մանկավարժների աշխատավարձն այս տարի կբարձրացվի եւ կդառնա 12 հազար դրամ։ Դպրոցաշինության համար գումար նախատեսված չէ։

2002-ի փետրվարի 16-ին Հայաստանի գլխավոր վիճակագիր Ստեփան Մնացականյանը հրապարակում է անցյալ տարի անցկացված մարդահամարի տվյալները։ 2002-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը չի բացառում, որ իր առաջարկած սահմանադրական փոփոխությունները հանրաքվեում կարող են ձախողվել։ Նախագահը խոսում է պետական համալսարանի պրոֆեսորների եւ դասախոսների հետ, որոնք դժգոհում են կոռումպացված պաշտոնյաների եւ նրանց դղյակների մասին։ Քոչարյանն այդքան էլ համաձայն չէ։ Հանդիպման վերջում Քոչարյանին համալսարանի ռեկտորը նվիրում է տեղանունների բառարան։

2006-ի այս օրը ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվում փաստաբան Վահե Գրիգորյանը։ Վահե Գրիգորյանը մեղադրվում է խարդախության մեջ, սակայն որոշ իրավապաշտպաններն ու կազմակերպությունները կարծում են, որ նրան ձերբակալելու հիմնական պատճառը Բուզանդ փողոցի 4 ընտանիքների պաշտպանությունն է: 2010-ի փետրվարի 16-ին տեղի է ունենում Երկրապահ կամավորականների միության համագումարը, որին հրաժարվել էին մասնակցել ընդդիմադիր հայացքներ ունեցող մի քանի երկրապահներ։ Համագումարից հետո լրագրողների հետ է հանդիպում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։ Առաջին թեման Սասուն Միքայելյանն է, որին մարտի 1-ից հետո ձերբակալել են իշխանությունները ։ Հաջորդ հարցը՝ ինչու՞ Մանվել Գրիգորյանը մարտի 1-ին չկանգնեց ժողովրդի կողքը ։