Բացել լրահոսը Փակել լրահոսը
72759898_544611502955738_5199229323952783360_o
A A
Հասարակություն

Երբ միավորվում են Սարգիսն ու Վալենտինը կամ ինչպե՞ս են գոյատեւում «ինտերնացիոնալ» զույգերը

Սարգիսն ու Վալենտինը վերջին տարիներին լուրջ մրցակցության մեջ են։ Ո՞վ է նրանցից ավելի հզոր, ո՞վ է սիրո բարեխոսը, Սուրբ Սարգսի՞, թե՞ Սուրբ Վալենտինի տոնն է պետք նշել։

Սուրբ Սարգսի տոնը մերն է, հայկականը, հարազատը, Սուրբ Վալենտինի տոնը, սակայն, ողջ աշխարհն է նշում։

Մեր այս զույգերի պարագայում, սակայն, Սարգիսն ու Վալենտինը ստիպված են համատեղել ջանքերը՝ օգնելու նրանց պայքարել իրենց սիրո համար ու հաղթել դժվարին այդ պայքարում։ Մեր երեք հերոսուհիները հայուհի են, ովքեր սիրահարվել են օտարազգի տղամարդկանց։

Չնայած այսօր աշխարհին չես զարմացնի «ինտերնացիոնալ» ամուսնություններով, հայ հասարակությունը դեռ դժվար է համակերպվում մտքին, երբ հայ աղջիկն այլ ազգի ներկայացուցչի է ընտրում։ Հարցը բարդանում է հատկապես, երբ ընտրյալը նաեւ այլ կրոնի հետեւորդ է։

Բայց սերն ամենազոր չէր լինի, եթե չկարողանար իր առջեւ խոնարհել տարիքի, մաշկի գույնի, ազգային ու կրոնական պատկանելության եւ մնացյալ բոլոր հանգամանքների առաջացրած խոչընդոտները։

Լրագրող Լիլիթն ու թիկնեղ շիկարհերը կամ եվրոպական ընտանիք՝ հայկական երանգներով

Լիլիթն ու Մաթթին ուղիղ 3 տարի է՝ միասին են։ Ծանոթացել են Գերմանիայում՝ սրճարանում։ Մասնագիտությամբ լրագրող Լիլիթի ու տուրիզմի էքսպերտ և խորհրդատու Մաթիի հանդիպումը հենց փետրվարին էր, ու թող ամենեւին էլ ծեծված ու հասարակ չթվա, դա սեր էր առաջին հայացքից։

 «Ով կմտածեր, որ այդ 190 սմ հասակով, սլացիկ կազմվածքով շիկահեր տղամարդը դառնալու էր իմ կյանքի ուղեկիցը: Հենց առաջին հանդիպումից և մի քիչ զրուցելուց հետո հասկացանք, որ իրար համար ենք ստեղծված»,- պատմում է Լիլիթը:

Սիրահարները սկզբում տարբեր քաղաքներում էին ապրում, հետո Լիլիթը տեղափոխվում է Մաթթիի մոտ։

Սկզբնական շրջանում հայ Լիլիթն ու գերմանացի Մաթթին շփվել են երրորդ լեզվով՝ անգլերենով, հետո սահուն անցան գերմաներենի։ Հիմա Մաթթին փորձում է հայերեն արտահայտություններ սերտել։

Լիլիթն ասում է՝ երեք տարիների ընթացքում աշխարհհայացքի, համոզմունքների և կյանքի ընկալման հարցերում որեւէ խնդիր չի առաջացել՝ նման են։ Զույգն ապրում է Գերմանիայում։

«Միայն կենցաղավարության վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունենք, որոնց շուրջ կարող են հակասություններ առաջացանալ, բայց դե դրանք էլ հեշտությամբ հարթվում են: Քանի որ երկուսս էլ աշխատում ենք և ունենք շատ խիստ գրաֆիկ, կիսում ենք տնային պարտականություններն իրար մեջ: Դասական առումով մեր ընտանիքը եվրոպական է՝ փոքր-ինչ հայկական երանգներով: Հայկական ավանդույթները մեր տանն արտահայտվում են խոհանոցում: Ես սիրում եմ խնջույքներ կազմակերպել, պատասխանատու եմ խոհանոցի և ուտելիք պատրաստելու համար, նա կարգավորում է ֆինանսական հարցերը, հաշիվները: Չնայած խոստովանեմ, որ նա ավելի համառ է, դրա համար հիմնականում ես եմ զիջողը»:

Զույգի ընտանիքները չեն ընդդիմացել նրանց միությանը, գրկաբաց են ընդունել։

«Նրա ծնողները, ի զարմանս ինձ, ինձ շատ ջերմ և գրկաբաց ընդունեցին, տոներին միշտ նվեր են ուղարկում և միշտ հետաքրքրվում մեզնով: Իմ ծնողներն էլ Մաթթիին են շատ հավանում, մերոնց հետ համացանցով խոսելիս սկզբից նա է բարևում՝ «Բարև, ազիզ ջան» ասելով, հետո ես եմ շարունակում»,- պատմում է Լիլիթը։

Գաղտնի թռիչք Եգիպտոս՝ սիրուն ընդառաջ

Անին եգիպտոսցի Մոհամեդի հետ ծանոթացել է համացանցով։ Օրեր շարունակ զրույցների արդյունքում երկուսն էլ հասկանում են, որ չհանդիպել պարզապես չեն կարող։

«Մեկ ամսվա մեջ այդպես շփվելով որոշեցինք, որ պետք է ամուսնանանք», հիշում է Անին։ Սակայն աղջկա ընտանիքը հրաժարվում է լսել անգամ Անիի՝ Եգիպտոս մեկնելու մասին։ Չեն համաձայնվում տեսակապի օգնությամբ ծանոթանալ եգիպտացի տղայի հետ։

«Ես հասկացա, որ ուրիշ տարբերակ չունեմ, կամ ես պետք է գնամ կամ իրեն կանչեմ։ Փորձեցինք իրեն կանչել, ասացին՝ եթե օրինական ամուսինդ չի, չեն տալու վիզա։ Որոշեցի գնալ ու ամուսնանալ»։

Ծնողներին ասելով, թե մեկնում է Բաթումի՝ ընկերուհիների հետ հանգստի, Անին Վրաստանից զբոսաշրջային ուղեգիր է գնում դեպի Եգիպտոս՝ Շարմ Էլ Շեյխ։

«Մերոնց ասացի՝ գնում եմ Բաթումի։ Գնացի Վրաստան, ու պարզվեց, որ դեպի Եգիպտոս չվերթը 18 ժամ ուշանում է։ Արդեն ոչ ես, ոչ նա չէինք հավատում, որ ի վերջո մեկնելու եմ, որովհետև եթե հետ վերադառնայի տուն, էլ տարբերակ չէի ունենալու կրկին մեկնել Եգիպտոս»։

Արդյունքում սիրո բարեխոսներ Սարգիսի եւ Վալենտինի համատեղ ջանքերն իրենց գործն արեցին՝ Անին բարեհաջող մեկնեց Շարմ էլ Շեյխ, եւ նրանք վերջապես հանդիպեցին։

«Գնացինք Կահիրե, ու թեեւ մեկ շաբաթով էի գնացել, որոշեցի, որ հետ չեմ գնում։ Ի վերջո այնտեղից պատմեցի ընտանիքիս ամեն ինչ, ասացի՝ հանգիստ եղեք, ինձ հետ ամեն ինչ լավ է։ 3 շաբաթ անց ամուսնացանք օրինական»։

Անիի ամուսնու ծնողները թեեւ մահմեդականներ են, իրենց միությունը շատ լավ են ընդունել։

«Իր ամբողջ ընտանիքը ինձ շատ լավ ընդունեց, Եգիպտոսում օտարերկրացիներին շատ լավ են վերաբերում։ Սկզբում մերոնք շատ նեղվեցին, բայց բավական էր մայրս մեկ անգամ գար, հասկացավ, որ ամեն ինչ շատ լավ է, մենք իսկապես սիրում ենք իրար»։

Տարբեր ազգերի ու կրոնների պատկանելը զույգին երբեւէ չի խանգարել հասկանալ իրար։

«Հա, երբեմն մենթալիտետի տարբերությունը իրեն զգացնել տալիս է, բայց չի խանգարում։ Մեզ նման զույգերին ուզում եմ ասել, որ եթե սեր կա, ամենաճիշտ որոշումը կլինի իրար ընդառաջ քայլ անելը»։

Անին ու Մոհամեդը սկզբում անգլերեն էին շփվում, հետո Անին սկսում է արաբերեն բառեր սովորել։

«Եթե ձեր սրտերը խոսում են մի լեզվով, կարեւոր չէ, թե ինչ լեզվով եք դուք խոսում։ Ես միշտ կարծել եմ, որ շատ դժվար կլինի, եթե սիրելիիդ հետ քո մայրենի լեզվով չխոսես, բայց դա այդպես չէ»։

Անին ու Մոհամեդը երեք ամիս է՝ Հայաստան են տեղափոխվել։ Չնայած մտավախություններին, որ հնարավոր է եգիպտացի տղայի համար դժվար լինի Հայաստանում, Անին ասում է՝ ամեն ինչ շատ լավ է։

«Իրեն շատ լավ են ընդունում։ Այստեղ շատ արագ ընկերներ ձեռք բերեց, ու ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ հենց այսպես դասավորվեց»։

Հանգամանքների ու սիրո պայքարը

Ի տարբերություն մյուս աղջիկների՝ մեր երրորդ հերոսուհու «ինտերնացիոնալ» սերը երջանիկ ավարտ չունի կամ ինչպես ինքն է ասում՝ դեռ չունի։

Մեզ հետ զրույցում թեեւ պատմեց իր պատմությունը, սակայն չցանկացավ ներկայանալ։ Դեռ չի հաղթահարել «ամեն հանդիպողին» բացատրություն տալու վախը։ Ասում է՝ եթե ի վերջո հաջողվի միասին լինել, այլեւս ոչինչ չի թաքցնի, հիմա դեռ չի ցանկանում։

Սկսել են շփվել համացանցով, բայց ծանոթացրել է ընդհանուր ընկերը։ Սիրելին այնպիսի երկրից է, որի մասին նախկինում նա գրեթե ոչինչ չէր լսել։ Սակայն չի ասում՝ որ երկրից։

 «Պատկերացնո՞ւմ եք։ Ես ինքս երբեք չէի պատկերացնի, որ իմ կյանքում նման բան կպատահի։ Պատահեց»,- ժպտում է։

«Երբ ծանոթացանք, սկսեցինք շփվել, ես այդ ամենը լուրջ չէի ընդունում, ուր է Հայաստանը, ուր՝ այդ կորած-մոլորած երկիրը։ Բայց գնալով լրջացավ։ Եթե հենց սկզբից իմանայի՝ ինչ դժվարություններ են մեզ սպասվում, գուցե դադարեցնեի շփումը հենց սկզբից։ Մյուս կողմից, թերեւս, երբեք չապրեի այն զգացմունքները, որ ապրեցի»։

Ոչ թե սոսկ դժվարության, այլ հուսահատության  բախվեց մեր հերոսուհին Անձնագրային եւ վիզաների վարչությունում, երբ հասկացավ, որ սիրեցյալին Հայաստան գալու համար վիզա է անհրաժեշտ։ Մեկ տարի շարունակ փորձեր անելուց  հետո որոշեց ինքը գնալ։

«Երբ մեկնելիս նստեցի ինքնաթիռ, վախից սկսեցի լաց լինել, գնում էի անհայտ երկիր, որի մասին շատ քիչ բան գիտեի։ Ուր էի գնում, ինչու, ուզում էի կանգնեցնել ինքնաթիռն ու հետ փախչել Հայաստան։ Թռիչքի ողջ ընթացքում լաց էի լինում վախից, չէի ուզում գնալ․․․ Հետդարձի ողջ ընթացքում կրկին լաց եմ եղել՝ չէի ուզում վերադառնալ»։  

Այնտեղ անցկացրած օրերի մասին մեր հերոսուհին չի ցանկանում պատմել, միայն ասում է՝ կյանքի ամենաերջանիկ օրերն էին։

«Տարբեր կրոնների, ազգերի ներկայացուցիչ ենք, բայց ասես նույն օդը շնչենք, ամեն հարցի շուրջ նույն կերպ ենք մտածում, կոտրատված, անհասկանալի անգլերենով շփվում էինք ու կես հայացքից հասկանում իրար»։

Բազմաթիվ փորձերից հետո, ասում է, հրաշք տեղի ունեցավ, սիրելիին թույլ տվեցին երեք ամսով այցելել Հայաստան։

Արդյունքում․․․ չեկավ։

«Իր կյանքում որոշ հանգամանքներ պատճառ դարձան։ Հիմա ասում է՝ կյանքի մեծագույն սխալն է գործել։ Խնդրում է նորից կանչել իրեն, ասում է՝ կամ գոնե նորից դու արի ․․․Ասել, որ կոտրված էի, նշանակում է ոչինչ չասել, չգիտեմ՝ շարունակությունն ինչ է լինելու»։

«Փոշմանե՞լ եք»,- հարցնում ենք։

«Ոչ մի վայրկյան․․․ Ժամանակը եթե հետ գար, իմանայի՝ ամեն ինչ նույն կերպ է դասավորելու, էլի ոչինչ չէի փոխի»։

Այժմ կրկին շփվում են ։

«Երբ իրենց երկրում էի, իր ընկերներից մեկն ասաց՝ հարստանալու եմ ու ձեր սիրո մասին ֆիլմ նկարեմ։ Իսկ ֆիլմերում ամեն ինչ միշտ լավ ավարտ է ունենում (ծիծաղում է-հեղ․)։ Ես վստահ եմ՝ սերը հանգամանքներին հաղթելու է, մի օր կրկին հանդիպելու ենք»,- ասում է նա։