Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՍԴ դատավորներին ձերբակալելու փորձեր կտեսնենք․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

«Պայքարը ոչ թե գործադիրի ղեկավարի և ՍԴ անդամների մեջ է, այլ գործադիրի ղեկավարի և Սահմանադրության»,-«Սահմանադրական անվտանգություն մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ արդարդատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Ինչո՞ւ պետք է փոխվի Սահմանադրական դատարանն ու ՍԴ նոր կազմ ձևավորվի այս իշխանության կողմից․ Դավիթ Հարությունյանն ասում է, որովհետև դրանով հնարավորություն է ընձեռնվում չունենալ երկրում Սահմանադրական դատարան կամ ունենալ ցանկացած որոշում դակող ՍԴ։

«Իսկ իրականությունն այն է, որ յուրաքանչյուր պետություն ուժեղ է, եթե ուժեղ է իր դատական համակարգը», - նշեց նա՝ վկայակոչելով այս առումով միջազգային փորձը։

Դավիթ Հարությունանի խոսքով՝ դա գիտակցելով է, որ այսօր կա Սահմանադրական դատարան, որտեղ դատավորները նշանակված են տարբեր իշխանությունների կողմից՝ սկսած ՀՀ առաջին Սահմանադրության պահից մինչև վերջերս, երբ ԱԺ-ն ընտրեց երկու դատավոր։

«Հենց այս բալանսն է թույլ տալիս, որ դատարանի եզրակացությունները լինեն իրապես քաղաքական իշխանություններից անկախ», - ասաց նա։

Զարգացումները, որ տեղի են ունենում վերջին ժամանակահատվածում, Դավիթ Հարությունյանին թույլ են տալիս եզրակացնելու՝ հեռու չէ այն օրը, երբ մենք  ձախողված հանրաքվեի պարագայում կտեսնենք փորձեր՝ կիրառելու խափանման միջոցներ՝ ձերբակալելու կամ կալանավորելու ՍԴ դատավորներին։

«Ենթադրում եմ՝ արդեն «թխվում են» որոշակի աղմկահարույց գործեր, որոնք հանրաքվեից առաջ անմեղության կանխավարկածի խախտմամբ հրապարակվելու են և ընթերցողի մոտ արթնացնելու են ցասում, որ նա գնա հանրաքվելի և կողմ քվեարկի», - ասաց Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը նշեց, որ  ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոց՝ ձերբակալում կամ կալանավորում, կարող է կիրառվել միայն  այն պարագայում, եթե նա զրկվել է անձեռնմխելիությունից։