Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Անանյան
A A
Քաղաքականություն

«Ղազախական կողմն իր պրիտենզիաներն ունի»․ ՊԵԿ նախագահը՝ մեքենաների վաճառքի մասին (տեսանյութ)

«Եթե դուք կարծում եք, որ պետությունն անընդհատ պետք է ներպետական ինչ-որ միջոցառումներ անի, գիտե՞ք, պետությունն էդպես չի կայանում»,- անդրադառնալով ավտոներկրման խնդիրներին՝ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ 

ՊԵԿ նախագահն ասաց, որ 2019 թվականի ընթացքում 189 հազար մեքենա է ներկրվել Հայաստան։ Իսկ, թե որքանն է ներմուծվածներից դուրս եկել Հայաստանից դեպի Ռուսաստան, Ղազախստան՝ Անանյանը դժվարացավ նշել։ «Պատկերացրե՛ք՝ հայկական համարանիշներով հատում է սահմանը։ Դու չգիտես՝ էդ մեքենան գալո՞ւ է, թե՞ գնացել է ու չի վերադառնալու»,- պարզաբանեց նա։

2019 թվականին Հայաստանի Հանրապետության ավտոներկրողները բազմաթիվ ավտոմեքենաներ էին վաճառել Ղազախստանի քաղաքացիներին։ Վերջիններս Հայաստանից մեքենան տանում էին առանց մաքսատուրքի, քանի որ Հայաստանում դեռ Եվրասիական տնտեսական միության օրենսդրության կետը չէր գործում, ավտոմեքենաները բերվում էին համեմատաբար էժան մաքսատուրքով։ Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ Ղազախստանում խնդիրների առջև են կանգնել ղազախները․ կամ պետք է թանկ գնով մաքսազերծեն, կամ քանդեն և վաճառեն մասերը, կամ էլ վերադարձնեն հայ սեփականատերերին։

Այս մասով Անանյանն ասաց, որ հունվարի 28-29-ին քննարկումներ են եղել ղազախական կողմի հետ, և կարելի է ասել, որ առաջին փուլը ոչնչով չի ավարտվել, ձեռք չի բերվել համապատասխան որոշում։

«Որովհետև ղազախական կողմն իր պրիտենզիաներն ունի հայկական կողմին։ Ինքն իր ներպետական խնդիրների հետ կապված շատ բան ցանկանում է նաև ԵԱՏՄ հարթակում կարգավորել, որը որ այդքան էլ ընդունելի չէ մեզ համար։ Մի կողմից ղազախներն իրենց խնդիրներն ունեն, մենք էլ մեր խնդիրներն ունենք, որ ուզում ենք կարգավորել»,- պարզաբանեց ՊԵԿ ղեկավարը։

Իսկ քննարկումների երկրորդ փուլում, ըստ նրա, պետք է իդենտիֆիկացնել, թե քանի մեքենա ունենք, որ դեռևս պետք է գա Վրաստանով Հայաստան, քանի որ կան մեքենաներ որ դեռևս չեն հատել ՀՀ սահմանը, և ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում։

«Մենք ավելի շատ այդ մեքենաների մասին ենք մտածում այս պահին, որ խնդիրը երկրորդ անգամ ԵԱՏՄ հարթակում քննարկենք։ Եթե մենք ունենանք հստակ քանակություն, որ օրինակ՝ 500 հատ, 1000 հատ, 1500 հատ մեքենայի մասին է խոսքը, մենք կարող ենք մեր գործընկերներին խնդրել և կոնսենսուսով որոշակի հետաձգել, ժամկետ տալ մեր քաղաքացիներին իրականացնել, բերել մեքենաները և 2019 թվականի օրենսդրությամբ մաքսազերծել»,- շարունակեց Անանյանը։

ՊԵԿ նախագահը հավելեց նաև, որ ղազախական կողմին էլ է պետք հասկանալ նաև, քանի որ ըստ ղազախական կողմի տվյալների՝ երկու տարվա ընթացքում ավելի քան 200 հազար մեքենա է տարբեր երկրների պետհամարանիշներով բերվել Ղազախստան, իսկ մոտ 100 հազարը Հայաստանից է բերվել։

Տեսանյութը՝ Lragir.am-ի