Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Օլիմպիական չեմպիոնը խաղի ժամանակ ուշագնաց է եղել

Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության «Անահայմ» - «Սենտ Լուիս» հանդիպումն անավարտ է մնացել հոկեյիստների մեկի վատառողջության պատճառով:

Ինչպես տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները, խաղի 15-րդ րոպեին հյուրերի թիմի կանադացի պաշտպան Ջեյ Բոումիստերը պահեստայինների նստարանին կորցրել է գիտակցությունը: Խաղընկերներն անմիջապես կանչել են բժիշկներին: 36-ամյա հոկեյիստը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ խաղը հետաձգվել է: Նման դեպքերում հանդիպումը վերախաղարկում են հաջորդ օրը, սակայն լիգան որոշել է ավելի ուշ անցկացնել այն: 

«Սենտ Լուիսի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ հոկեյիստը սրտի հետ կապված խնդիր ունի:

«Բոումիստերը սրտի կաթված է ստացել, երբ փոխարինվել է: Բարեբախտաբար, մեր և «Անահայմի» բժշկի արագ միջամտության շնորհիվ հաջողվել է կայունացնել նրա վիճակը: Նա գիտակից վիճակում էր, երբ տեղափոխվել է հիվանդանոց, անգամ շարժում էր իր վերջույթները: Այժմ էլ հետազոտություն է անցնում», - հայտնել է ակումբի թվիթերյան էջը:

Նշենք, որ Ջեյ Բոումիստերը 2014թ օլիմպիական չեմպիոն է, 2019թ Սթենլիի գավաթակիր է: Հոկեյի ազգային լիգայում նա անցկացրել է 1240 հանդիպում: