Բացել լրահոսը Փակել լրահոսը
45771_b
A A
Պաշտոնական

Հազարավոր հորդանանցիներ իրենց արմատներով Հայաստանից են. Աբդալլահ Երկրորդ (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին նախագահական նստավայրում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների, տեղացի և օտարերկրյա դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, արևելագետ-գիտնականների ներկայությամբ իր ուղերձն է հղել «Կրոնը և հանդուրժողականությունը» թեմայով:

Մինչ այդ նախագահ Սարգսյանն իր խոսքում պատմական համարելով Նորին Արքայական Մեծության այցը Հայաստան, որպես հայ՝ իր երախտիքի խոսքն է հղել Հորդանանի ժողովրդին և թագավորի ընտանիքին. «Բոլորն են հիշում, որ Ձեր նախապապը կոչով է դիմել արաբ ժողովրդին՝ ապաստան տալ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին: Եվ ես ցանկանում եմ իմ ժողովրդի անունից խորին շնորհակալություն հայտնել»:

Նախագահը նաև տեղեկացրել է, որ հիանալի քննարկում են ունեցել Նորին Արքայական Մեծության հետ, խոսել երկու երկրների և երկու ժողովուրդների համագործակցության ներուժի մասին զբոսաշրջության, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, անվտանգության, սննդի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում:

Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդը հորդանանյան պատվիրակության անունից իր խորին երախտիքն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: «Երևանը, լինելով աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, աշխույժ ու երիտասարդ քաղաք է, -ասել է թագավորը:- Այն ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը: Մեր երկու երկրները և մարդիկ այսօրվա ժամանակակից աշխարհում իրենց ուրույն տեղն ունեն՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին և հավատքին: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային ներուժը դարձրել է զարգացում տանող իր հիմնական շարժիչ ուժը: Մեր երկրները շատ բան ունեն քաղելու համագործակցությունից, որպեսզի իրացնեն այս շատ խոստումնալից ներուժը:

Չնայած սա մեր առաջին պաշտոնական այցելությունն է ձեր գեղեցիկ երկիր, մենք զգում ենք, որ ընտանիքում ենք, և փաստացիորեն, մենք ընտանիք ենք: Մեր ընտանեկան հարաբերությունները դարերի խորքից են գալիս: Իմ նախապապը, որին Դուք հիշատակեցիք, պարոն նախագահ, հորդորում էր սիրել Աստծուն ու մերձավորին, և ապաստան տվեց քրիստոնյա հայ ընտանիքներին: Իմ նախապապը, իմ պապը, ես, օգնելով կարիքավոր ընտանիքներին, հասկացանք, որ դա միակ տարբերակն է: Սա մի պարտականություն է, որը Հորդանանը շարունակում է իրականացնել: Հազարավոր հորդանանցիներ իրենց արմատներով Հայաստանից են: Նրանք պատիվ են բերում մեր երկու երկրներին և կենսական դերակատարում ունեն մեր երկրի արվեստի, կրթության, հանրային ծառայությունների, բիզնեսի և շատ այլ ոլորտներում: Նրանք ձևավորում են այն հիմքը, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ»:

Աբդալլահ Երկրորդն ասել է, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը նախապատրաստվում է իր առաջին 100-ամյակը նշելուն: «Մենք հպարտորեն ենք հետահայաց նայում ծագումով հայ հորդանանցիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել մեր հայրենիքի առաջընթացի և բարգավաճման համար,-նշել է նա:- Մեր համատեղ պատմությունը շատ ավելին է, քան դա: Միջին Արևելքի հայերը համարվում են աշխարհի ամենահին քրիստոնյա համայնքի մասը: Նրանք մեր տարածաշրջանի անցյալի անբաժան մասն են: Նախատեսում ենք աշխատել Ձեզ հետ, որպեսզի նրանք շարունակեն այդպիսի առանցքային դերակատարում ունենալ մեր ներկայի և պայծառ ապագայի ձևավորման համար:

Հորդանանում Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցին կանգնած է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում: Սա մեր երկրում հայոց պատմության շարունակական ներկայությունն է ապահովում:

Երուսաղեմում հայկական թաղամասը քաղաքի մասն է կազմել դարեր շարունակ, և հայկական պատրիարքությունը այլ եկեղեցիների շարքում եղել է Օմարի պաշտպանության ներքո: Քրիստոնյաների և մուսուլմանների համակեցության ավանդույթն ունի 1300 տարվա պատմություն: Այս ժառանգությունը շարունակվում է այսօր իսլամական և քրիստոնեական սրբավայրերում: Սա մի պարտականություն է, որը ես հպարտությամբ եմ իրականացնում: Ես հատկապես հպարտ եմ, որ ինձ վստահված է Երուսաղեմի հայ պատրիարքարանի սուրբ վայրի պաշտպանության պատասխանատվությունը: Երուսաղեմը շատ մեծ պատմական նշանակություն ունի ոչ միայն ինձ և իմ ընտանիքի համար, այն նաև սուրբ է երեք էթնիկ կրոնների հետնորդների համար: Նրանք բոլորն իրենց ներդրումն ունեն պահպանելու հոգևորը, խաղաղությունը և այն համակեցությունը, որ այն խորհրդանշում է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Սուրբ քաղաքը դառնա բռնության և բաժանման առանցք: Քաղաքի ինքնությունն ու իրավական կարգավիճակը, ինչպես նաև քրիստոնեական ու իսլամական սուրբ վայրերի հետ կապված պատմական ստատուս քվոն պահպանելն առանցքային է լինելու։ Մենք մեր հույսը դնում ենք քրիստոնյա առաջնորդների և Ձեր նման բարեկամների վրա ամբողջ աշխարհում, որ Երուսաղեմը պահպանենք որպես խաղաղության, միասնականության քաղաք: Այսօր ես խոսեցի մեր վաղեմի բարեկամության մասին, որը պատմական խոր արմատներ ունի: Ծագումով հայ հորդանանցիները վերջին 100-ամյակում օրինակելի պատմություն են կերտել՝ ապացուցելով, որ բարեկամությունը և, իհարկե, եղբայրությունը միշտ հաղթում են:

Հուսով եմ, որ առաջիկա օրերի, ամիսների ընթացքում մենք կկարողանանք միասին նոր գլուխ գրել, որը սկսվել է երկար ժամանակ առաջ, հիմնված է գործընկերության և մեծ հեռանկարների վրա»: