Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-UD8EVkQAjf
A A
Քաղաքականություն

«Ժողովուրդն է մեր, այսպես կոչված, «տղան». ինքը պետք է որոշի՝ ինչպես իրացնի իր իշխանությունը» (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի կիսում ընդդիմադիր խմբակցության գործընկեր Էդմոն Մարուքյանի կարծիքը, թե Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն հակասահամանադրական գործընթաց է։

«Մենք չենք ուզում, որ Ազգային ժողովն իր վրա վերցնի այդ կարևորագույն հարցերից մեկի մասին որոշումը և դիմել է ժողովրդին, որպեսզի ժողովուրդն իրացնի իր իշխանությունը։ Հանրաքվեից ավելի բարձր իրավական ակտ չեմ պատկերացնում»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։

Լրագրողի հիշեցմանը, թե պատգամավորն ամիսներ առաջ հայտարարել էր, որ «եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իրեն էլ չպահանջեինք» և հարցին, թե հիմա էլ են նո՞ւյն տրամաբանության մեջ, Հովիկ Աղազարյանը շեշտեց, որ այդ խոսքերը էմոցիոնալ վիճակում է ասել, և այն փոխաբերական իմաստ է կրել։

Նշենք, որ այդ շրջանում «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել էր օրենսդրական նախագիծ, որը վերաբերում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն:

«Եթե ինչ-որ մարդկանց համար ժողովրդի իշխանությունը երկրորդական է, ապա մեզ համար առաջնային է։ Պայմանականորեն ասած՝ ժողովուրդն է, մեր այսպես կոչված, «տղան», ինքը պետք է որոշի՝ ինչպես իրացնել իր իշխանությունը»,- ասաց Հովիկ Աղազարյանը։

Ըստ իշխող ուժի պատգամավորի՝ անհրաժեշտ 650 000 ձայն հավաքելը, որպեսզի Սահմանադրությունում փոփոխություն լինի, այդքան էլ հեշտ գործընթաց չէ, սակայն «իրենց կհաջողվի»։

«Մենք մեզ վրա ենք այդ պատասխանատվությունը վերցնել և գնում ենք ժողովրդի դատին։ Ես չեմ կարծում, որ դժվարություն կունենանք, որովհետև մեր մարդկային և քաղաքական պոտենցիալը բավարար է, որպեսզի ժողովրդին ճիշտ ներկայացնենք և այդ դեպքում վստահ եմ, որ 650 000 ձայն կունենանք»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին տեղի է ունենալու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով քաղաքացիները կողմ կամ դեմ են քվեարկելու փոփոխություններով առաջարկվող այն կետին, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը պետք է դադարեցվի։

Մանրամասները՝ տեսանյութում։