Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Պետք է պնդեմ, որ 2021թ․ բյուջեով կենսաթոշակառուներին պետական պատվեր տրամադրվի․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, թե 2021թ․ բյուջեի քննարկումների ժամանակ կառավարությանն առաջարկելու է՝ պետպատվեր տրամադրվի նաև հաշմանդամություն չունեցող կենսաթոշակառուներն։

Ներկայումս այդ հնարավորությունից օգտվում են միայն առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող թոշակառուները։

«Արդեն սկսել ենք աշխատել պետական բյուջեի վրա, և ես փորձելու եմ այնպես անել, որ երրորդ կարգի հաշմանդամները, որոնք հիմա չունեն նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով հետազոտվելու հնարավորություն, դա ունենան։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներն անցած տարվանից ունեն։ Եվ մի հավակնոտ առաջարկություն եմ անելու, որը պետք է պնդեմ, դա կենսաթոշակառուներին պետական պատվեր տրամադրելն է։ Խոսքը 300 հազար քաղաքացիների մասին է, և որի համար պետք է լինելու մոտ 20 մլրդ դրամ»,- հավելեց նախարարը։

Ա․Թորոսյանն անդրադարձավ նաև այս շաբաթ Ազգային ժողովում քննարկվող հակածխախոտային օրինագծին և ասաց, թե խորհրդարանում գլխադասային հանձնաժողովի կողմից նախագծին դրական եզրակացություն տալուց հետո միանգամից լայն վճարվող արշավ սկսվեց։

Նրա ներկայացմամբ՝ ծխախոտային արտադրատեսակների սպառման պատճառով Հայաստանը տարեկան 85 մլրդ դրամ վնաս է կրում։ Ծխելը վնասում է մարդկանց առողջությանը, ծխողները հիվանդանում են և կորցնում լիարժեք աշխատունակությունը, պետությունը նրանց բուժման վրա գումարներ է ծախսում և միլիարդավոր դրամներ կորցնում։

«Մեր օրենքը ցանկացած երկրի համար տնտեսական օգուտ բերող է։ Հիվանդ և կախվածություն ունեցող ազգը չի կարող պրոդուկտ ստեղծել և զարգացնել երկիրը։ Եվ հակառակն է միայն հնարավոր»,- եզրափակեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։