Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանն այլեւս չի գլխավորում ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկը (տեսանյութ)

«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է յոթերոդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի գործունեության ուսումնասիրության արդյունքները:

«ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց, որ նստաշրջանն առանձնացել է։

«Խորհրդարանի օրինաստեղծ արտադրողականությունը ավելացել է տասնութ տոկոսով երկրորդ նստաշրջանի համեմատ, բայց ավելի որակական փոփոխություն արձանագրվել է Կառավարություն-Ազգային ժողով օրենքների հարաբերության մեջ: Մեր տասնամյա դիտարկումների ընթացքում արձանագրվել է առաջին բացառիկ ցուցանիշը․ այսինքն՝ ամբողջ օրենքների 31  տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70%-ը՝ կառավարությունը , նման հարաբերակցություն մենք չէինք արձանագրել, ընդհակառակը ունեցել ենք նստաշրջաններ, երբ պատգամավորների առաջարկները եղել են ընդամենը հինգ տոկոս»:

Ըստ ծրագրի ղեկավարի՝ ինչ-որ ներքին համաձայնությամբ խրախուսվում է Ազգային ժողովի ակտիվությունը;

Նա նաև ներկայացրեց, որ փոխվել է արտահերթ նիստերի վիճակագրությունը․ ընդամենը երեք արտահերթ է եղել:

Ըստ ծրագրի արդյունքների՝ ընդդիմությունը կարողացել է և՛ ավելի շատ օրենքներ ընդունել , և՛ ավելի շատ է մերժվել․երկու ցուցանիշներն են ավելացել են։

«Ակնհայտ է, որ այս խորհրդարանը չխոսող պատգաավորների խնդիր ավելի քիչ ունի, ընդհակառակը՝ ունենք շատ խոսող խորհրդարանի հեռանկար»,-ասում է ծրագրի ղեկավարը՝ հավելելով, որ 132 պատգամավորից միայն քսանն է, որ ընդհանրապես չի մասնակցել օրենսդրական քննարկումներին:

Անդրադառնալով նաև բացակայությունների խնդրին՝ նա նշեց, որ այս գումարման խորհրդարանում  հիմնականում բացակայել են այն պատգամավորները, ովքեր ներգրավված են միջխորհրդարանական հանձնաժողովների նիստերում։ Բացակաների առաջին տասնյակն ամբողջովին բաղկացած է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից.

«Գագիկ Ծառուկյանը, ով ութ տարի շարունակ ամենաշատ բացակայած պատգամավորն էր, լքել է առաջին հորիզոնականը և դարձել ամենաշատ բացակայած պատգամավորների մեջ ութերորդը»:

Ծրագրի արդյունքներով՝ ամենաշատ բացակայած պատգամավորն է «Իմ քայլ»-ից Արուսյակ Ջուլհակյանը:

Ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորը ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանն է,  ամենաշատ «դեմ» քվեարկածը՝ «Իմ քայլ»-ից Հայկ Սարգսյանը, ամենաշատ «ձեռնպահ» քվեարկածը՝ «Իմ քայլ»-ից Թագուհի Թովմասյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը շեշտեց, որ ԱԺ-ն՝ որպես օրենսդիր մարմին, պետք է կարողա ավելի շատ իր գործունեությունը իրացնել և պատգամավորներին ազատ գործունեության հնարավորություն տալ։ Ըստ Դանիելյանի՝ վիճակագրության փոփոխության պատճառն այն է, որ մենք ունենք այլ որակի խորհրդարան.

«Մեր գործընկերները ավելի մոտ են օրենսդիր գործունեությանը»,-նշեց նա: 

Դանիելյանի պնդմամբ՝ թվերից զատ կարևոր է նաև բովանդակությունը:

ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանն ասաց՝ իր տասնչորս նախաձեռնություններից հինգը ընդունվել է։ Այստեղ, ըստ նրա, կարևոր է համագործակցության պատրաստակամությունը.

«Իշխանությունը ունի կառավարության պես հզոր աջակից, և նրանց նախագծերը, բնականաբար, ավելի քիչ են մերժվում, բայց որ ընդդիմությունը  ավելի ակտիվ է աշխատում, պայմանավորված է նրանով, որ ընդդիմադիր ֆրակցիաների նկատմամբ ըմբռնումն ավելի բարձր մակարդակ ունի»:

Բագրատյանը նաև նշեց, որ կա պրակտիկա, որ իշխանությունը ընդդիմության առաջարկների վերաբերյալ պարբերաբար ասում է, որ արդեն սկսել է այդ նախագիծը, այդպես էլ հայտնի չի լինում՝ ընդդիմության առաջարկից առա՞ջ են սկսել, թե՞ հետո։

Ի պատասխան՝ Համազասպ Դանիելյանն ասաց, որ ինքն էլ կարող է օրինակ բերել, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչը նախագիծ է բերել, որն այնքան թերի է եղել, որ Արդարադատության նախարարը իր ձևակերպումներով լրացել է, և այդ օրինագիծը անցել է որպես ԲՀԿ-ի ներկայացրած օրինագիծ: