«ԿԳՄՍ նախարարության աշխատանքը քաոտիկ է». ինչպիսի՞ն է Վրաստանի փորձը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը, անդրադառնալով կրթական ոլորտի բարեփոխումներին, նշեց, որ Հայաստանում բարեփոխումները կարող են կայանալ միայն այն պարագայում, եթե դրանք ընթանան լայն մասնակցային հունով:
Ներկայացնելով հարևան Վրաստանի փորձը՝ Խառատյանն ասաց՝ եթե որպես մեկնակետ ընդունենք նոր նախարարության ստեղծումը որպես կրթության ոլորտում քաղաքականություն ստեղծող հիմնական մարմին, ապա այս առումով նման է Վրաստանի փորձին, որովհետև այնտեղ նույնպես ստեղծվել է մեծ նախարարություն.
«Սակայն պետք է ասեմ, որ այն մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ գործընթացում, գտնում են, որ այդ որոշումը այնքան էլ ճիշտ չի եղել, և հիմա քննարկում են Վրաստանում նոր փոփոխությունների կատարելու հնարավորությունը»:
Բանախոսը նշում է՝ Հայաստանում գուցե մանրամասն տեղյակ չեն եղել այն խնդիրներին, որոնք առաջացել են Վրաստանում այդ խոշորացումից հետո:
ԿԳՄՍ նախարարության աշխատանքը բանախոսի գնահատմամբ քաոտիկ է, ինչի պատճառը, ըստ նրա, մասնակացային գործընթացների բացակայությունն է նախարարության ներսում և դրսի հետ հարաբերություններում.
«Վրաստանի գործընկերները բարձրաձայնել են, որ իրենց երկրում այն ուղղություններում, որտեղ բարեփոխումները տապալվել են, հիմնական պատճառը եղել է ցածր մասնակցայնությունը այդ բարեփոխումների մեջ և նաև հաղորդակցության պակասը»:
Կրթական քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ Մարի Չաքրյանն էլ ընդգծում է, որ Վրաստանում բարեփոխումների տապալման պատճառ է եղել այն, որ շատ հաճախ փոխվել են նախարարները, և հիմնական որդեգրված քաղաքականություն չի եղել, և ամեն նախարար իր հետ բերել է իր ամբիցիաները, իր մոտեցումները , ինչը խանգարել է բարեփոխումների սահուն իրականացմանը:
Նախաձեռնության անդամ Ռուզաննա Ծատրյանը նշում է՝ Հայաստանը բարեփոխումներ անելիս ունի Վրաստանի փորձը, և դրանից քաղված դասերը չդնել ներկայումս ծրագրված կրթական բարեփոխումների հիմքում տարօրինակ է, և հանրային քաղաքականության ոչ արդյունավետ ուղղություն կդիտվի:
Ինչ վերաբերում է բուհերում մայրենի լեզվի և պատմության հայեցողական դարձնելուն և հարցին, թե ի՞նչ է ասում վրացական փորձն այս առումով, Լուսինե Խառատյանն ասաց, որ Հայաստանի նման Վրաստանում ևս եղել է ընդդիմանալու փորձ, ինչպիսին, այդ խնդիրը լուծվել է՝ պահելով վրացերենը որպես ակադեմիական գրագիտության միջոց։ Բանախոսն ընդգծում է, որ մեր նախատեսվող օրենսդրությունը նույնատիպ է:
Ռուզաննա Ծատրյանը անդրադարձավ նաև գիտության և կրթության միավորման հանգամանքին, նշեց, որ այս առումով Վրաստանի փորձը լավագույնը չէ, քանի որ ունեցել է կոպիտ ընթացք, գիտական-հետազոտական ինստիտուտները հայտնվել են համալսարանի ստորաբաժանումների դերում:
«Փոշիացել է վրացական գիտական ռեսուրսը: Վրացական բոլոր փորձագետները նշում էին, որ այդ փորձը արվել է շատ արագ և շատ կոպիտ»:
Նախաձեռնության անդամ Գայանե Այվազյանը նշեց, որ Վրաստանում ակնհայտ էր, որ այս փոփոխությունների հիմքում ընկած է եղել շուկայի հետաքրքրությունների շրջանակը.
«Մենք պիտի կարողանանք արձանագրել, որ թե՛ գիտությունը , թե՛ կրթությունը կարող են և պետք է լինեն շատ առաջադեմ, քան մերօրյա բիզնեսի և շուկայի պահանջմունքներն են»:
Ինչ վերաբերում է միջին մասնագիտական կրթությանը, Լուսինե Խառատյանն ասաց, որ այս ոլորտի զարգացումը Վրաստանում նպաստել է, որ բուհերը թոթափվեն, և այս ոլորտը բավականին զարգացած է այնտեղ:
Քննարկմանը մասնակցող ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը վստահեցրեց, որ Վրաստանի փորձը, բնականաբար, հաշվի է առնվել, շատ լավ պատկերցրել են այն դժվարությունները, որոնք նրանք ունեցել են այս ընթացքում:
Նրա խոսքով՝ Վրաստանի գործընկերները հորդորել են բարեփոխումները սկսել օրենսդրական դաշտի կարգավորումից:
Նախարարի խորհրդականը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորեց ավելի շատ մասնակցել նախարարության աշխատանքներին, ավելի շատ համագործակցել և լինել ավելի բաց:
Ի պատասխան՝ Լուսինե Խառատյանն ասաց՝ նախարարությանն ուղարկել են բազմաթիվ տեքստեր, համագործակցության առաջարկներ, որոնց երբևէ պատասխան չեն ստացել: