Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Զորամասը էլիտար է, որովհետև էլիտար խնդիրներ է կատարում․ Արտակ Դավթյան (տեսանյութ)

Ապրիլյան պատերազմի ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի հյուրն այսօր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն էր։ Քննիչ հանձնաժողովի նիստի ավարտին 3 ժամից ավելի սպասող լրագրողները Արտակ Դավթյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է քննարկվել հանձնաժողովում։

Նա շատ մանրամասներ չհայտնեց քննարկումից։

«Այս հանձնաժողովը պետք է պատասխանի շատ կարևոր հարցերի, որոնք հասարակության մեջ մինչև հիմա կան։ Բոլորիս խնդիրն է աջակցել հանձնաժողովի աշխատանքներին»,- ընդգծեց Արտակ Դավթյանը։

Առիթից օգտվելով, լրագրողները ԶՈՒ գլխավոր շտաբի պետից հետաքրքրվեցին auroranews.am-ի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ, որում նշվում է, որ զորամասում բարձրաստիճան պաշտոնյանների որդիներն են ծառայում։

«Զորամասը, իհարկե, էլիտար զորամաս է, որովհետև էլիտար խնդիրներ է կատարում։ Իր կրակային հզորությամբ և հաջողությամբ մարտական հերթապահություն է այս պահի դրությամբ կատարում այդ զորամասը։ Դե լավ, էլ որտեղ տանենք։ Արցախում ծառայում են, ասում եք՝ Արցախում են ծառայում, այստեղ ենք բերում, ասում եք՝ այստեղ են բերել։ Վերցրեք որևէ զորամաս, որտեղ 1000 զինծառայող ծառայում է և չգտնեք 2 հոգի, որոնք այս կամ այն ձև փոխկապակցված են որևէ մկեի հետ։ Եթե հիմա Հայաստանի ցանկացած զորամաս վերցնենք, ցանկացած 10 զինծառայողից հաստատ 2 ինչ-որ ձևով կապված են ինձ հետ, ազգակցական, նույնը նաև այլ պաշտոնատար անձի հետ»,- արձագանքելով ասաց Արտակ Դավթյանը։

Անդրադառնալով 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքին և հարցին, թե թե նա կարո՞ղ է անուններ հնչեցնել՝ ովքե՞ր են մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար անցկացված ծառայողական քննության արդյունքներով զորացրվել և խիստ կարգապահական տույժերի ենթարկվել, քանի որ փետրվարի 6-ին Արցախի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ որևէ անուն չի տրվում, պարոն Դավթյանն ասաց․

«Տվյալ մարդիկ ընտանիք ունեն, ասենք՝ եթե տվեցի Պողոսի կամ Դավթյանի անունները, ի՞նչը փոխվեց։ Եթե դուք կասկածում եք հաղորդագրության բովանդակությանը, խնդրեմ, եկեք փակ հանդիպում կազմակերպենք և մենք ներկայացնենք»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ եթե մարդը կա, անունն ինչո՞ւ չեք տալիս, նա արձագանքեց․ «Լավ ենք անում, այդպես ասեմ»։

Նշենք, որ ըստ Արցախի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ծառայողական քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպանների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից, նաև խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:

Հիշեցնենք նաև, որ Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի շրջանակներում Ավագյանի համածառայակից Դավիթ Առաքելի Մովսիսյանին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին ևս մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետից հետաքրքրվեցին նաև, թե իր 3 որդիները ծառայե՞լ են, թե՞ ոչ։ «Մեծ որդիս ավարտել է, փոքր որդիս ծառայում է, ընդ որում սահմանամերձ զորամասում, կես տարի հետո ավարտելու է, միջնեկ որդիս սպայական ուսուցման է, փոքր որդիս որ գա, միջնեկս կմեկնի բանակ»,- ի պատասխան ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։