Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Մշակույթ Հասարակություն

Գրքեր, որոնք խորհուրդ են տրվում կարդալ հայ պատգամավորներին (տեսանյութ)

Ինչու՞ մարդիկ հետաքրքրված չեն գրականությամբ։ 

 «Վերջին ամիսների մեր լրահոսը բացարձակապես գրական չէ։ Այսքան քաղաքականացված դաշտում, թվում է, գրականության մասին խոսելը, եթե ոչ ժամանակավրեպ, ապա անհարմար է։ Կարծեք մեր բոլոր ջանքերը, նվաճումները ժողովրդին գրականություն բերելու, վերջին երկու ամսվա ընթացքում հետընթաց են ապրում»,-  «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասում է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

Չնայած ոչ գրական թվացող մթնոլորտին՝  նա նշում է, որ փետրվարի 19-ը՝ Գիրք նվիրելու օրը, երկրում պետական մակարդակով տոնի է վերածվել, միջոցառումեր են կազմակերպվելու  թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում, գրադարաններում։

Արդեն իսկ  աշխուժություն է նկատվում գրախանութներում։  Ըստ Արքմենիկ Նիկողոսյանի՝ կարևորը մարդիկ սիրով են գիրք գնում։

Լրագրողի հարցին՝  ի՞նչ գրքեր խորհուրդ կտա կարդալ  պատգամավորներին՝ Արքմենիկ Նիկողոսյանը առաջարկեց՝   Հովիկ Երանյանի «Մեղքի պարանը», Գուրգեն Խանջյանի «Ներս ու դուրս» վեպը, որը մեկ ամսից լույս կտեսնի, և առհասարակ շատ կարդալ։

 «Մենք հատկապես ոգևորված էինք այն փաստով, որ հեղափոխությանը մասնակցել և իշխանության են եկել այնպիսի մարդիկ, որոնք ծանոթ են մեր ժամանակակից գրականությանը ու կարդում են, և ես հույս եմ հայտնում, որ մենք առիթ չենք ունենա փոխելու մեր կարծիքը»,- ասաց նա ու ավելացրեց, որ նախորդ տարի իրենք  նույնիսկ պատգամավորներին գրքեր են նվիրել․ կարդացել են, թե ոչ՝ չգիտի։

Խոսելով վերջերս բեսթսելերներ դարձած կոմերցիոն գրքերից՝ Արքմենիկ Նիկողոսյանը գտնում է, որ կարևոր չէ՝ մարդիկ ինչ կկարդան, կարևորն է, որ կարդան․ «Շատ մարդիկ գրականություն են եկել ու առաջին անգամ գրախանութ են մտել գնելու «Թքած ունենալու նուրբ արվեստը» կամ Նիկոլ Փաշինյանի գիրքը»,- ասում է նա։

Գրականագետը համարում է, որ այս առումով մեր հասարակությունը «վախկոտ» է նորությունների առումով,  և միշտ  գերադասում է ինչ-որ հայտնի գրքեր կարդալ, որոնք շրջապատը խորհուրդ է տալիս։

Գրականագետ, «Գրանիշ» ինտերնետային կայքի խմբագիր Հասմիկ Հակոբյանի համոզմամբ, միայն Երևանում միջոցառումներ կազմակերպելով, չի կարող ժամանակակից գրականությունը շնչել․ «Եթե մի փոքր Երևանից դուրս մարզերի ուղեծրով շարժվենք, կտեսնենք, որ երևի միայն Գյումրիում ու Վանաձորում են մարդիկ ժամանակակից գրականություն կարդում, մյուս տեղերում միայն դասականն է,-ասում է Հասմիկ Հակոբյանը,-իսկ գրադարանների վիճակը պարզապես անմխիթար է, գրադարաններ կան, որ վերջին 20 տարում գրքեր չեն ստացել, իսկ եթե լավ գրքեր էլ են լինում ուղարկվում են մարզկենտրոններ՝ անտեսելով համայնքները»։

Գրականագետի խոսքերով՝ այսօր գրողները տպագրվելու խնդիր չունեն․ «Եւս մեկ դրական տեղաշարժ, որ այսօր ցանկացած լավ և նույնիսկ տանելի տեքստ կարող է տպվել, միակ նախապայմանը լավ գրելն է»,- ասում է նա։