Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիգրան Մուկուչյանը՝ հանրաքվե անցկացնելու մասին (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասյօր այցելել էր Ազգային ժողով։ Նա հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշ անդամների։

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանն ասաց, որ քննարկումները եղել են օրենսդրության հետ կապված խնդիրների շուրջ։

«Օրենսդրական տարբեր հարցերի վերաբերյալ էր քննարկումը, ոչ միայն հանրաքվեի մասին օրենքի, այլև Ընտրական օրենսգրքի մասին։ Ի վերջո կան բազմաթիվ օրենքներ, որոնք ԿԸՀ-ն կիրառում է»,- ասաց պարոն Մուկուչյանը։

Ինչ վերաբերում է Սահմանադրությունում փոփոխություններ անելու հանրաքվե անցկացնելուն, ապա Տիգրան Մուկուչյանն ասաց՝ երբ կնշանակվի հանրաքվեի օրը, ապա ԿԸՀ-ն այն ժամանակ կիրականացնի իրենից պահանջված գործողությունները։

«Այս փուլում, երբ ԿԸՀ-ի համար որևէ մեկնարկ տրված չէ, իսկ դա նշանակում է, որ իրավական որևէ հիմք գործընթացի մեկնարկի առումով առկա չէ ԿԸՀ-ում, բնական է այդ խնդիրների մասին դատողություններ անել չենք կարող»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ-ի նախագահը հստակ ժամանակ չնշեց, թե երբ կլինի հանրաքվեն, քանի որ ՀՀ նախագահը դեռ պետք է ԱԺ որոշումը ստորագրի և հանրաքվեի օր նշանակի։

«Օրենքում ամրագրված է իրավական դրույթ, որով սահմանված է ժամկետի սկիզբ և ավարտ՝ 50-65 օր»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն չընդունելուց հետո խորհրդարանն սկսեց քննարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը, որն օրենսդիրն ընդունեց 88 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։