Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես հանրաքվեի ժամանակ դեմ եմ քվեարկելու, անգամ եթե ԲՀԿ-ն կողմ լինի. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շռայլություն է համարում մեկ անձի համար հանրաքվե անցկացնելը։

«Այն մոտավորապես 60-70 մլն դրամի ծախս է պահանջում։ Կարելի՞ է մեկ անձից ազատվելու համար պետական բյուջեից այդքան ծախս անել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով երեկ՝ փետրվարի 6-ին Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծը ընդունելուն։

Գևորգ Պետրոսյանն ընդունում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ անվստահություն կա, բայց առաջարկում է չշտապել, հրատապությունը անհասկանալի է համարում։

«Մեր երկրում այս պահին գլխավոր հարցը Սահմանադրական դատարա՞նն է։ Որպես ժողովրդի հետ ամենօրյա շփման մեջ գտնվող մարդ, ասեմ՝մարդկանց մեծամասնությանը չի հետաքրքրում, թե ով է ՍԴ-ի նախագահը, իրենց խնդիրը դա չէ։ Սահմանից մինչև Հանրապետության հրապարակ բողոքի ակցիաներ են »,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանն ասաց, որ հանրաքվե անելու դեմ ոչինչ չունի։ Խոսելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից՝ նա նշեց․

«Մենք երբեք դեմ չենք կարող լինել որևէ հանրաքվեի։ Մեր նախընտրական բոլոր քարոզարշավներում մեր կուսակցության ղեկավարն ասում էր, որ բոլոր հարցերը պետք է լուծել ժողովրդի ձայնը լսելով»։

Դիտարկմանը, թե «Իմ քայլի» առաջարկը այդ դեպքում ողջունո՞ւմ է, նա բացասական պատասխանեց։

«Ա1+»-ի հարցին՝ եթե հանրաքվեն լինի, ԲՀԿ-ն «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի կողմնակիցն է լինելու, Գևորգ Պետտրոսյանն ասաց՝ իր անձնական կարծիքն է արտահայտում։

«Ես դեմ եմ քվեարկելու, անգամ եթե խմբակցությունը կողմ լինի։ Ես իմ ընտրական իրավունքն եմ իրականացնում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։