Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ԲՈԿ- ի դեմ երկու դատական հայց է ներկայացվել (տեսանյութ)

2019 թվականին 2018 թվականի համեմատ 38 տոկոսով նվազել են գիտական աստիճանի հաստատված վկայագրերը։ Նախորդ տարվա ընթացքում հաստատվել է 223 գիտական աստիճան, որից 6-ը՝ դոկտորական, իսկ 217-ը՝ թեկնածուական։

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

Նրա խոսքով՝ կտրուկ նվազել են տնտեսագիտության բնագավառում պաշտպանությունները։ Եթե 2018 թվականին դրանց քանակը եղել է 70, ապա 2019 թվականին կազմել է 34։

«2019 թվականին ամենաշատ պաշտպանությունները տեղի են ունեցել տեխնիկական գիտությունների ոլորտում։ Կարելի է ասել, որ բոլոր  բնագավառներում տեղի է ունեցել անկում՝ բացառությամբ դեղագործության բնագավառից, ինչը պայմանավորված է ԵՊՀ-ի և ԵՊԲՀ-ում դեղագործության ուղղության հետազոտությունների աճով, ինչը շատ ուրախանալի է»։

Սմբատ Գոգյանը ավելացնում է, որ արդյունքները իրենց չեն ուրախացնում, բայց ցույց են տալիս, որ նախկինում ստեղծված իրավիճակը կարող են կանխել։

Կոմիտեի նախագահի խոսքով՝ դատական հայցեր կան ներկայացված ԲՈԿ-ի դեմ, մեկը՝ ԿԳ Նախարարության աշխատակցի կողմից, իսկ մյուսը՝ Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանի։

«Երեք անգամ վարչական վարույթ հարուցվեց իմ դեմ այն բանի համար, որ մենք չենք հաստատել մի ատենախոսություն, որտեղ չի էլ հերքվում, որ կան մեծածավալ արտագրություններ։ Մենք բացահայտել էինք 25 էջ, բայց այնուհետև նախարությունը հանձնաժողով ձևավորեց, պարզեց, որ արտագրությունների ծավալը ավելի մեծ է։ Արտագրություների ծավալը մեծանում է, բայց պարզվում է, որ Գոգյանը պարտավոր է հանձնել գիտական վկայագիր։ Հաջորդ դեպքն էլ եղել է տնտեսագիտությունից՝ տնտեսագիտական համալսարանում  հայցորդը գաղտնի քվեարկության ժամանակ չի հավաքել բավարար քանակությամբ ձայներ, սակայն մասնագիտական խորհուրդը սխալ որոշում է կայացրել և երաշխավորել է, որպեսզի նրան ԲՈԿ-ը հանձնի գիտական աստիճանը հաստատող վկայագիր և քանի որը անհրաժեշտ ձայներ չի ունեցել մենք մերժել ենք և հիմա գործը դատարանում է»։

Սմբատ Գոգյանը նաև նշեց, որ Մանկավարժական համալսարանի հոգեբանության խորհուրդը և Երեւանի պետական համալսարանի մանկավարժության խորհուրդները ցրվել են՝ մեկնաբանելով, որ պատճառը կոմպետենտության խնդիր է։