Անտառներում հնարավոր է ճանապարհներ բացվեն․ Ֆելիքս Ցոլակյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մի շարք անտառներում հնարավոր է ճանապարհներ բացվեն, ու անտառները հատվածների բաժանվեն։
Ցոլակյանը տեղեկացրեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս հարցով բանակցություններ է վարում շրջակա միջավայրի նախարարության հետ:
«Սակայն ճանապարհ բացելը նշանակում է նաև ծառ կտրել, իսկ նախկինում բնապահպանները մեծ աղմուկ էին բարձրացնում, երբ նման քննարկում էր գնում: Ես դեմ եմ այդ աղմուկին, քանի որ հակառակ դեպքում մենք հրդեհների ժամանակ ավելի շատ ծառ ենք կորցնում»,-նշեց նա։
Նախարարի խոսքով՝ հասկանալի է, որ բոլոր անտառներում հնարավոր չէ ճանապարհներ բացել։
Նա ասաց, որ Խոսովի անտառում հնարավորություն կա նույնիսկ առանց ծառահատման բազմաթիվ ճանապարհներ բացել։
Ցոլակյանի պնդմամբ՝ երբ անտառները հատվածների բաժանվեն, հրդեհների դեպքում հնարավոր կլինի փրկել անտառի մյուս հատվածները, նաև կհեշտանա փրկակարների աշխատանքը։
Նախարարն անդրադարձավ նաև «Դալմա Գարդեն Մոլ»-ում հունվարին տեղի ունեցած ցնցումներին։
«Առաջին ահազանգը եկել է որպես երկրաշարժ, բայց բոլորս գիտենք, որ երկրաշարժը չի լինում մեկ շենքում։ Շենքի առաջին- երկրորդ հարկերում ցնցումներ են եղել։ Ուսումնասիրենք շրջակայքը, կողքը շինարարություն կար, բայց հերքեցին իրենք, ցնցումները կապ չունեին շինարարության հետ։ Վերջնական եզրակացություն մերոնք ասացին, որ դա եղել է օդափոխման համակարգի արդյունքում։ Դրանից հետո իրենք իրենց ցանկությամբ հրավիրել են մասնագետների։ Բայց դա մեր գործը չէ, դրանից հետո մենք անելիք չունեինք։ Քաղշինն էլ հետո եզրահանգեց, որ ոչ մի կոնստրուկտիվ սխալներ չեն եղել։ Սրանով մենք սահմանափակել ենք մեր աշխատանքը»,- ասաց նա։