Դատախազը պահանջում է բեկանել Քոչարյանի պաշտպանների բողոքը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշումը
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին ներկայացրեց Մարտի 1-ի ամբողջական նյութերը պաշտպանական կողմին տրամադրելու դեմ բողոքի հիմքերը։ Նա դատարանին խնդրեց բեկանել 2019 թվականի նոյեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։
«Կայացնել նոր դատական ակտ` մերժելով պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը»,- նշեց դատախազը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 2019թ․-ի գարնանը միջնորդել էին ՀՔԾ քննիչին տրամադրել Մարտի 1-ի՝ դեռևս նախաքննության փուլում գտնվող գործի նյութերը, սակայն քննիչը մերժել էր։ Պաշտպանները քննիչի որոշումը բողոքարկել էին Գլխավոր դատախազություն, որն էլ իր հերթին էր մերժել։
Պաշտպանական կողմը այդ որոշումը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ 2019 թվականի նոյեմբերի 25-ին դատարանը դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, քննելով բողոքը, բավարարել էր այն՝ ճանաչելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում և պարտավորեցնելով քննիչին պաշտպանության կողմին տրամադրել ամբողջ նյութերը: