Բացել լրահոսը Փակել լրահոսը
թևան պողոսյան
A A
Քաղաքականություն

«Գլխավորը՝ պրոհայկական տեսակետ դուրս գա»․ ինչո՞ւ են բանակցությունները երկար ընթանում

Այսօր շարունակվում է երեկ՝ հունվարի 29-ին Շվեյցարիայում մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար մամեդյարովի հանդիպումը։

Հանդիպումը վերաբերում է Արցախ հակամարտության կարգավորմանը։ 

«Ա1+»-ը ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանից հետաքրքրվեց, թե եղե՞լ է այնպիսի դեպք, որ բանակցություններն ընթանան այսքան երկար և շարունակվեն մեկ այլ օր։

«Շատ լավ է, թող երկար տևի, ի՞նչ է եղել որ»,- ասաց Պողոսյանը։ Նա նշեց, որ երկար ժամանակով բանակցություններ նախկինում ևս եղել են, բայց նախագահների մակարդակով։ 

Նշում է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեվը երկու օր հանդիպել են Փարիզում 2001 թվականի մարտին, հինգ օր Քի Վեսթում՝ 2001-ի ապրիլին, իսկ հետո Քոչարյանն Իլհամ Ալիևի հետ երկու օր Փարիզի մոտակա Ռամբույե ամրոցում՝ 2006-ի փետրվարին։

«Պետք չէ քաշվել նրանից, որ բանակցություններ են ընթանում։ Գլխավորը բանակցություններից դուրս գան պրոհայկական տեսակետներ։ Սրանից ավելի բան չեմ կարող ասել, մինչև այսօրվա հանդիպումից դուրս չկան»,- նշեց նախագահի խորհրդականը։

Հարցին, թե ի՞նչ է կարելի ենթադրել այս բանակցությունների երկարատև լինելուց, նա պատասխանեց, որ ենթադրել ամեն ինչ կարելի է․ «Երևի լիքը հարցեր կան, որոնք քննարկվում են․ տարբեր ծրագրերի մասին, իմ պատկերացմամբ՝ անվտանգության ապահովման, որը կարող դառնալ Սանկտ-Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների  ամրագրում (ոնց անեն, որ սահմաններում անվտանգ լինի) և այլ հարցեր»։

Հարցին, այսինքն՝ շատ անհանգստանալու բան չկա՞, պատասխանեց, որ չի անհանգստանում, որովհետև չի կարծում, թե այս բանակցություններով է հարցը լուծվելու։ «Հարցը լուծվելու է, երբ որ մեր զինվորին մենք պինդ կարողանանք պահել՝ մեր միասնականությամբ և ուժով։ 101 տարի է՝ կոնֆլիկտը չի լուծվել, 101-201 էլ կարող է շարունակվել, ինչ է եղել որ»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։