ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՆ
Աջակցիր «Ա1+»-ին
ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները Ռամբույեյում արդյունք չտվեցին: Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնություն են ձեռք բերել միայն այն մասին, որ բանակցությունները կշարունակվեն մարտին Վաշինգթոնում: Այնտեղ կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ կքննարկեն առաջիկա մյուս հանդիպումների մանրամասները:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկօրյա բանակցությունների ընթացքի մասին լիարժեք տեղեկատվություն այդպես էլ չհրապարակվեց: Նախագահներն ընդհանրապես չեն խոսել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ ասված է. «Չնայած ակտիվ բանակցություններին, կողմերի դիրքորոշումը` որոշ հարցերի առումով մնացել է անփոփոխ: Այնուամեյանիվ, նախագահները բարձր են գնահատել բանակցությունների ընթացքը եւ արտգործնախարարներին ցուցումներ են տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշակել նոր ուղիներ հակամարտությունը կարգավորելու համար»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մաննը հայտարարել է, որ «համաձայնություն ձեռք չի բերվել: Ռամբույեյի բանակցությունների արդյունքները մենք կգնահատենք եւ կորոշենք, թե ինչ անել հետագայում»: Դիվանագետների ներկայացմամբ` ցանկացած փաստաթղթում, ամենայն հավանականությամբ, պետք է համաձայնեցվի, որ ԼՂ տարածքի վերահսկողության դիմաց հայկական ԶՈՒ պետք է դուրս բերվի ԼՂ հարակից տարածքներից: Կարող է քննարկվել նաեւ միջազգային խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում: Այդ ամենի հետ մեկտեղ չի բացառվում, որ ԼՂ կարգավիճակի հանրաքվեն կհետաձգվի անորոշ ժամանակով:
«Regnum»-ի փոխանցմամբ, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ 9 քննարկվող հարցերից համաձայնեցվել է 7-ը: Ադրբեջանի արտգործնախարարի ներկայացմամբ չեն համաձայնեցվել միայն «փախստականների եւ ուժով տեղահանվածների վերադարձը նախկին բնակավայրեր» եւ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցերը: «Ադրբեջանը չի գնա տարածքային որեւէ զիջումների»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը: