«Պաշտպանելով Թովմասյանին՝ պաշտպանում ենք Սահմանադրությունը հանցավոր ոտնձգություններից»
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Հանրային Հեռուստաընկերության «Լուրեր»-ի «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ ռեպորտաժը, որը վերաբերում էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Փաշինյանը հաղորդումը մեկնաբանել էր այսպես․ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։
Քիչ անց Փաշինյանը գրառման վերաբերյալ Թովմասյանի փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը ՖԲ իր էջում գրառում էր արել․ «Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։ Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»։
«Ա1+»-ի հետ զրույցում փաստաբանի Ամրամ Մակինյանն ասաց, որ իր գրառումը հաղորդում է հանցագործության մասին։
Մակինյանի խոսքերով՝ գործադիր իշխանության ղեկավարն ակնհայտ փորձում է յուրացնել իշխանության մյուս ճյուղի՝ դատականի լիազորությունները։
«ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ օրենսդիր, գործադիր և դատական։ Դրանք գործում են իրարից անկախ՝ իրար հավասարակշռելու սկզբունքի հիման վրա։ Տվյալ դեպքում մի ճյուղի ղեկավար Փաշինյանի կողմից ակնհայտորեն փորձ է արվում յուրացնել մյուս ճյուղի իշխանությունը»,- շարունակեց պաշտպանը։
Հարցին, թե կօգտագործե՞ն սա Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում, Մակինյանն ասաց, որ իրենց պաշտպանյալի մեղադրանքն ի սկզբանե հիմք չուներ։ Այսօրվանից հետո, ըստ նրա, սա խոսում է փլված մեղադրանքի մասին։ «Ինչի՞ ակնհայտ չէ՝ ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Պետք է կույր լինել էս ամեն ինչը չտեսնելու համար»,- շեշտեց Թովմասյանի պաշտպանը։
Փաստաբանը հավելեց, որ ամեն ինչ անելու են՝ ՍԴ նախագահի օրինական շահերի պաշտպանության համար, և այստեղ հարցն արդեն Թովմասյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը չէ, արդեն Սահմանադրության պաշտպանությունն է։
«Փաստացի պաշտպանելով Հրայր Թովմասյանին՝ մենք պաշտպանում ենք ՀՀ Սահմանադրությունը հանցավոր ոտնձգություններից»,- եզրափակեց Ամրամ Մակինյանը։