Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բանակն իր առաջ դրված խնդիրը կատարել է․ բացթողումներ նույնպես եղել են․ Սեյրան Օհանյանը՝ ապրիլյան պատերազմի մասին (տեսանյութ)

Ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա հյուրը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր։ Մոտ 4 ժամ սպասելուց հետո լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց, որ թեև նիստը լարված էր, բայց և աշխատանքից հաճելի տպավորություն է ստացել ու շարունակելու է աջակցել հանձնաժողովի աշխատանքները ավարտելուն։

Նա պնդեց նախկինում ասածը, որ քառօրյա պատերազմի ժամանակ հայկական բանակն իր առաջ դրված խնդիրը կատարել է, ինչի մասին նա հայտարարել էր, երբ հանձնաժողովը չէր ստեղծվել։

«Դեռ ավելին՝ մեր բանակի հրամանատարական կազմի հերոսությունների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ ՀՀ Պաշտպանության նախարարության գործողությունները Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարության հետ համագործակցության և աջակցության շրջանակում կարողացել ենք հասնել նրան, որ մարտական գործողությունները կանգնեցնեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Քառօրյա պատերազմում բաղթողումներ են եղել հայկական կողմից, թե՞ ոչ, Պաշտպանության նախկին նախարարը չհերքեց՝ եղել են, բայց միևնույն ժամանակ նկատեց՝ մեկ աշխատող մարդու օրինակ բերեք, որը սխալներ թույլ չի տալիս։

«Պաշտպանության նախարարությունում իմ երկարատև աշխատանքի ընթացքում միշտ ասել եմ՝ սխալ ունենալը և և դրանք վերացնելը մեծ թերություն չէ, սխալ ունենալը և չվերացնելը նման է մարտի դաշտում զորքը անտեր թողնելուն»,- ասաց պարոն Օհանյանը՝ հավելելով, որ ճակատագրական սխալներ չեն եղել։

«Մենք բաց, ջերմ, ընկերական մթնոլորտում քննարկումներ կատարեցինք և դրա արդյունքում հանձնաժողովն իր եզրակացությունը կանի»,- նշեց նա։

Հարցին, թե կա՞ն բացթողումներ, որոնք պատասխանատվություն են ենթադրում, Սեյրան Օհանյանն ասաց, որ դեռ ապրիլյան պատերազմից հետո՝ բացթողումների համար Արցախի Հանրապետության ղեկավարությունը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարությունը որոշումներ են ընդունել և համապատասխան կարգապահական գործառույթներ են իրականացրել, տույժից սկսած մինչև պաշտոնանկություններ։

Դիտարկմանը, որ ժամանակին խոսվում էր այն մասին, որ տեխնիկայում վառելիքը պակասել է, հրամանատարները բացակայել են, տարածքներ զիջելու մասին խոսակցություններ կային, Սեյրան Օհանյանն արձագանքեց․

«Զինված ուժերի հրամանատարական կազմը, ղեկակավարման համակարգը իր պարտականությունները իմացել է, իր պարտականությունները գործառույթների շրջանակներում իրականացրել է։ ԶՈՒ-ն նյութատեխնիկական ապահովման շրջանակներում, ես նկատի ունեմ՝ տեխնիկական, նյութական, վառելիքաքսուկային նյութեր ապահովել է, որևէ խնդիր չի ունեցել։ Եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա գալիս է պատերազական գործողություններից»,- նշեց Սեյրան Օհանյանը։ Ի դեպ, Սեյրան Օհանյանը խորհրդարանում նաև հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Քաղաքական որևէ հարցի քննարկում չի եղել, ասաց Սեյրան Օհանյանը, պարզաբանելով, որ քաղաքավարությունից ելնելով այցելել է ԱԺ նախագահին։