Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

52 և 158 դպրոցների դիմաց լուսացույց չկա, վրաերթեր են տեղի ունենում․ աշակերտների ծնողները ակցիա են անում (տեսանյութ)

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող համար 52 դպրոցի աշակերտներն ու ծնողները, ինչպես նաև տարածքի բնակիչները այսօր հավաքվել էին դպրոցի դիմաց՝ պահանջելով ապահովել աշակերտների անվտանգությունը։

Նշվում են՝ հենց դպրոցի դիմաց կա հետիոտների համար նախատեսված անցում, սակայն տարածքի երթևեկությունը կանոնակարգող լուսացույց չկա։

Օրերս այդ անցումի վրա 10-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել ու տեղում մահացել։  Հավաքվածները պնդում էին՝ սա առաջին դեպքը չէ։

Բնակիչների հետ հանդիպման էր եկել Շենգավիթ վարչական շրջանի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, ով նշեց, որ տարածքում լուսացույց տեղադրելու հարցը աշխատանքային փուլում է, հնարավոր է՝ ձգվի մեկ կամ երկու ամիս, բայց անպայման տեղադրվելու է։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը նշեց, որ հաշվի առնելով  նման իրավիճակները՝  քաղաքապետարանն այս տարի նախատեսում է մի շարք հատվածներում լուսացույցեր տեղադրել։

Նշեց, որ նախագծերը ներկայացված են մրցույթի, և ամեն ինչ պետք է կարգավորվի ըստ օրենքի։

Հավաքված բնակիչները, սակայն, պահանջեցին հարցի հրատապ լուծում, հակառակ դեպքում սպառնացին անորոշ ժամկետով փակել փողոցը։

Նույն խնդիրն առակա է նաև համար 158 դպրոցի տարածքում։ Ակցիային մասնակցում էին նաեւ այդ դպրոցի հարակից տարածքում ապրող մի շարք քաղաքացիներ։

«Ա1+»-ի հետ զրույցում բնակիչներից Գոհար Հակոբյանը նշեց, որ իրենց տանից նշված դպրոց հաճախում է 4 երեխա, և իրենց շատ մտահոգում է երեխաների անվտանգությունը։

«Երեխաները տարբեր ժամի են դուրս գալիս, անընդհատ հոսքը կա, ապահով չես, որ անցումը կա, մեքենան կկանգնի։ Այնցյալ տարի 4 հոգի վրաերթի է ենթարկվել»,- ասաց նա։

Վարչական շրջանի ղեկավարն առաջարկեց խնդրի  ժամանակավոր լուծման երկու տարբերակ, բնակիչներին առաջարկեց ընտրել՝ որն է իրենց համար առավել ընդունելի․

«Կամ հանում ենք առկա անցումը, և մինչև լուսացույցի տեղադրումը երեխաները օգտվում են 100 մետր վերևում գտնվող խաչմերուկի անցումից կամ խնդրենք  ոստիկանությանը, որպեսզի ոստիկանության աշխատակիցներն ավելի ինտենսիվ ժամերի ապահովեն անվտանգությունը»։

Ծնողների համար առավել ընդունելի էր ոստիկանների միջոցով փողոցի հատման  անվտանգությունն ապահովելը, սակայն թերահավատ էին․ վստահ չեն, որ ոստիկանները ակտիվ ժամերին կապահովեն հերթապահություն։

Դպրոցի մոտ ժամանեցին նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Քննարկումներից հետո Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը հայտնեց, որ խնդիրը կկարգավորվի մեկ-երկու օրվա ընթացքում, թե ինչ կերպ՝ չմանրամասնեց։