Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Ապրիլյան պատերազմից հետո մի ամբողջ պատերազմ էլ քայլելու համար․ Հայկ Սեխլիյան (տեսանյութ)

Ապրիլյան պատերազմում ողնաշարի լուրջ վնասվածք ստացած Հայկ Սեխլիյանը մեզ ընդառաջ է գալիս  դժվար,  բայց հաստատուն քայլերով՝ 13-ամյա որդու ուղեկցությամբ: Պատմում է․ «Սկզբից բժիշկները հույս չեն տվել, որ կքայլեմ, ասում էին՝ անկողնու մեջ նիստի, էդ ամենամեծ հրաշքն է»։

Պայմանագրային զինծառայողը վիրավորում ստացել է 2016 թվականի ապրիլի 4-ին, Թալիշում՝ հակառակորդի ականի պայթյունից։ Մի քանի վիրահատության է ենթարկվել, վնասվածքն աննախադեպ է եղել, քայլելու հավանականությունը ՝ գրեթե զրոյական։

Բայց չքայլելու մտքի հետ Հայկը չի համակերպվել, փոխարենը՝՝ պատերազմից հետո մի ամբողջ պատերազմ էլ մղել է քայլելու համար, ընդ որում՝  դեռ հիվանդանոցում․

 «Սավանը կապում էի ոտքիս, մյուս ծայրը գցում էի կառավաթի գլխին, ձեռքով քաշում, բացում-փակում էի ոտքս, բժիշկներս գալիս  էին, ասում էին՝ դե լավ էլի Հայկ ջան, համ քեզ ես տանջում, համ մեզ ես տանջում, ասում էի չէ, ես պիտի քայլեմ»։

Բայց վերջնական բուժման համար պետք էր մեկնել Գերմանիա, որը կարողացավ անել միայն պետության աջակցությամբ․

 «Մեզ մոտ բժիշկներիը գրեցին, որ էլ չենք կարա ոչ մի բանով օգնենք, պատճառը ողնուղեղին կպած բեկորն էր, դրա համար եղավ դրմահավաքը, հետո Կառավարության միջամտությունը»։

Ասում է , որ արտերկրում բուժումները բավականին արդյունավետ էին, բայց հենակներից վերջնական ազատվելու համար դեռևս բուժման կուրս  պետք է անցնի արտերկրում եւ հնարավորինս արագ։

«Մի հատ սարք կա, առաջարկեցին, փորձարկեցին, օրգանիզմս լավ ընդունեց, հիմա սպասում ենք՝ Կառավարության  ֆինանսավորումը երբ կկազմակերպվի»։

 Հայկը  ինտենսիվ  սպորտով է զբաղվում, ասում է՝ ցանկալի արդյունքին հասել է նաև մարզվելու շնորհիվ։

Հայկի համար, անցյալում է անհաղթահարելին, բայց ոչ զինվորականի սիրելի աշխատանքը։  Սեփական մեքենայով ամսվա մեջ 2 անգամ էլ  մեկնում  է Արցախ։

 «Շատ են հարցնում, թե սեղմակները ոնց եմ սեղմում, մարդու սովորելու վրա է, արագությունը նայում եմ սպիդոմետրով, քանի որ ոտքերիս  մեջ ուժ կա, սեղմում եմ, տեղաշարժվում եմ»։

Հայկ Սեխլիյանը  երկու որդի ունի՝ տասներկու  և տասներեք տարեկան։ Հարցնում ենք՝ դեմ չի լինի, եթե տղաներն էլ որոշեն զինվորական գործն ընտրել․

 «Թողել եմ իրենց՝ ինչ իրենց դուր եկավ , այդ ուղղությունով էլ թող գնան»։

Հայկը չթաքցրեց,որ իր անհավանական ուժի հիմքում իր որդիների սերն է և հավատը, որ իրենց հայրը քայլելու է։