Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տեղյակ եմ Սերժ Սարգսյանի մի ելույթից, թե մարդիկ մեզ կխնդրեն, որ հետ գանք իշխանության․ Հայկ Գևորգյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հավատում է այն հրապարակումներին, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն առնչություն ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ Կապանում տված ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հարցին, բայց կոնկրետ փաստեր չհրապարակեց։ Իսկ այսօր, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ, խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իրեն ուղղված առաջարկներին՝ նորից շատ անորոշ կերպով ասաց, թե «այդ պատմությանը տիրապետում են երեք հոգի, և որ երեքից երկուսը ընդդիմություն են, կոռուպցիոն հետաքննությունների մեջ են և իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի դիմում են»։

Արդյո՞ք այդ երկուսից մեկը Ա․Վանեցյանն է և Ն․Փաշինյանն ակնարկում էր ԶՄՊԿ-ի հետ ունեցած նրա հնարավոր առնչությանը։ Հ․Գևորգյանը չհերքեց։

«Պետք է տեսնել, թե Ա․Վանեցյանն ու իր արյունակիցները որքանով են առնչվում կոմբինատի հետ։ Կարելի է կռահել, որ հավանական է։ Հրապարակումները եղել են, ես հավատում եմ, տեսել եմ փաստաթղթերը, որ կոնկրետ առնչություն է եղել, և որքան ինձ հայտնի է՝ դա իրավապահների ուշադրության կենտրոնում է»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով հեղաշրջման փորձ լինել-չլինելու մասին խոսակցություններին՝ Հայկ Գևորգյանը հավելեց, թե «2018թ հոկտեմբերի 2-ին հեղաշրջման փորձ է եղել, բայց քրեական հետապնդումներ չեն եղել»։

Նա նաև մեկնաբանեց խորհրդարանական ընդդիմության, հատկապես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած հարաբերություններին, որոնք երբեմն սրվում են։ Պատգամավորը համոզված է, որ այդ սրացումները լինում են նախկին իշխանությունների քարոզչական ազդեցության արդյունքում։

«Ես տեղյակ եմ Սերժ Սարգսյանի մի ելույթից, թե հեսա մարդիկ մեզ կխնդրեն, որ հետ գանք իշխանության։ Նախկինները կարող են այնպիսի քարոզչական ճնշում գործադրել մյուս ուժերի վրա, որ նրանք հավատան, թե հեսա կգան։ Հիմա էլ ասում են՝ ապրիլ-մայիս ամիսներին»,- եզրափակեց Հ․Գևորգյանը։

 

Մանրամասները՝ տեսանյությում