Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահին

Հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

Ողջունելով պրն. Վարդազարյանին` Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված զորավիգ լինի նրան և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին՝ արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում: Հայոց Հովվապետը նշեց, որ բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի, երկրի վրա արդարադատության հաստատման, և այդ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն իր կարևոր դերակատարությունն ունի:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծեց, որ հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց, կարևորեց այդ առումով գործակցությունը: Պրն. Վարդազարյանը նաև Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, առաջադրված նպատակները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների և անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարևորությանը: