Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Իրաքում ԱՄՆ դեսպանությունն ամենապաշտպանվածներից մեկն է աշխարհում․ քաղաքագետ

Ամերիկյան «CNN» լրատվականի կայքոում տեղեկություն էր տարածվել, որ երեք հրթիռ է ընկել Իրաքում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության համալիրում, որի ժամանակ մի անձ է վիրավորվել։

Իրավիճակի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։ 

«Դե գիտեք, վերջին օրերին շատ ակտիվ քաղաքական գործողություններ են տեղի ունենում Իրաքի մայրաքաղաքում, մեծ բողոքի ակցիաներ են ընթանում ամբողջ քաղաքով, և տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ,  բողոքում էին Միացյալ նահանգների ներկայության դեմ Իրաքի տարածքում»,- նշեց քաղաքագետը։

Սարգսյանը հիշեցրեց, որ դեռևս 2019 թվականի վերջերին Իրաքի խորհրդարանը որոշում կայացրեց, որ ԱՄՆ-ը պետք է իր զորքերը դուրս բերի Իրաքի տարածքից, դրան զուգահեռ տեղի ունեցավ «Իսլամական հեղափոխության պահապաններ» զորամիավորման «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը։

«Հիմա բարդ է ասել, թե ինչպիսին է իրավիճակը։ ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը, պարբերաբար տեղեկություններ տարածելով, կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Իրաքի տարածքը»,- նշեց քաղաքագետը։

Համանայնդեպս, ըստ Սարգսյանի, ԱՄՆ դեսպանությունն Իրաքում ամենապաշտպանված դեսպանություններից մեկն է աշխարհում, եթե ոչ ամենապաշտպանվածը, ԱՄՆ-ը լրացուցիչ զինված ուժեր է ուղարկել և տեղակայել, որպեսզի պաշտպանի իր դիվանագիտական ներկայացուցչության տարածքն ու դիվանագետներին։ 

Քաղաքագետի խոսքերով՝ իրադարձությունները շատ արագ են զարգանում․ «Եվ դժվարանում եմ ասել, թե Թրամփն ինչ որոշում կկայացնի»։ Հնարավոր զոհերի, վիրավորների մասով՝ փորձագետն ասաց, որ տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկություններ կան, և դեռևս որևէ պաշտոնական բան իրեն չի հանդիպել, որովհետև Վաշինգթոնում ուշ գիշեր է․ «Կարծում եմ, որ  մի քանի ժամվա ընթացքում տեղեկություններ կլինեն․ արդյոք ինչ-որ լուրջ բաներ տեղի՞ են ունեցել, թե՞ չէ»։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ Միացյալ Նահանգները հրթիռակոծումը դիտարկի ԱՄՆ-Իրան հակամարտության կոնտեքստում, պատասխանեց, որ բնականաբար, քանի որ Սոլեյմանիի սպանությունը հենց փոխկապակցված էր Բաղդադում ԱՄՆ դեսպանության գրավման փորձի հետ, Միացյալ Նահանգները մեղադրեց  հենց Սոլեյմանիին ակցիաները կազմակերպելու մեջ։ 

«Այնպես որ մշտապես ցանկացած նման իրավիճակ պետք է նաև դիտարկել այս երկու պետությունների ընդհանուր հակամարտության տրամաբանության մեջ, որովհետև այդ հակամարտությունը գլոբալ է, և ոչ միայն երկկողմ բնույթ է կրում, այլև՝ բազմակողմ այն առումով, որ մշտապես զուգահեռ գործողություններն ընթանում են այլ պետությունների տարածքում, և այլ պետությունների ներգրավմամբ»,- ընդգծեց ամերիկագետը։

ԱՄՆ հետագա քայլերի մասով Սուրեն Սարգսյանն ասաց, որ Թրամփի՝ Մերձավոր Արևելքից ԱՄՆ զորքերի դուրսբերման վերաբերյալ խոստումը դեռևս ամբողջությամբ չի կատարվել, և չի բացառվում, որ մինչև հաջորդ ընտրություններն ԱՄՆ նախագահն իր այդ խոստումն իրականացնի։ «Ես սա մեծ հաշվով այս իրավիճակը միգուցե նաև լեգիտիմացնի իր այդ որոշումը՝ զորքերը դուրս բերել Իրաքից, Սիրիայից և այլ պետություններից։ Դրա համար որևէ բան այս պահի դրությամբ բացառել չեմ ուզում»,- եզրափակեց նա։