Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Քաղաքականություն

COBRAIN-ը ռազմավարական ծրագիր է Հայաստանի համար. Ավինյան

Հունվարի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հորիզոն 2020 «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին:

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ պարոն նախարար, Հարգելի՛ պարոն ռեկտոր, Հարգելի՛ դեսպաններ, Գործընկերներ, Գիտելիքը ուժ է: Հայտնի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի այս պարզ, բայց առանցքային միտքը ուղղորդող կողմնացույցի դեր պետք է խաղա դեպի ապագան նայող և հաջողության ճանապարհով ընթացող յուրաքանչյուր երկրի համար: Ուժեղ, աշխարհում լսելի ձայն ունեցող և իր ժողովրդի բարեկեցությունը ու երջանկությունն ապահովող երկրի մենք կարող ենք հասնել միայն կրթության և գիտության անսահմանափակ ներուժը կյանքի կոչելով:

Հետևաբար, ուրախ եմ ներկա գտնվել այստեղ և շնորհավորել բոլորիս, հատկապես Երևանի պետական բժշկական համալսարանին և ուսանողներին COBRAIN ծրագրի մեկնարկի առթիվ: Կարևոր է, որ այսուհետ լավագույնս օգտագործենք Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի ընձեռած մեծ հնարավորությունները: Մեր պետության համար կարևոր է նաև համալսարանների՝ որպես գիտահետազոտական ու կրթական գերազանցության կենտրոնների զարգացումը:

Վստահ եմ, որ COBRAIN-ը ծառայելու է հենց այս նպատակին՝ նպաստելով ոչ միայն նեյրոգիտության, այլև Բժշկական համալսարանում հետազոտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Ողջունելի է, որ ծրագրի շրջանակներում համալսարանը կապեր է հաստատելու եվրոպական պետությունների առաջատար համալսարանների հետ՝ Հայաստան բերելով վերջիններիս հարուստ փորձն ու գիտելիքը:

Լիահույս եմ, որ ծրագրի հաջողությունը կնպաստի նաև բժշկական գիտությունների ու պրակտիկ բժշկության զարգացմանը՝ ընդհուպ մինչև Հայաստան վերադարձնելով արտերկիր մեկնած մեր բժիշկներին: Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից մեկը որակյալ մարդկային կապիտալ ունենալն է, ինչը նախապայման է ներառական տնտեսական զարգացման համար:

Համոզված եմ, որ ներդրումը մարդկային կապիտալի զարգացման մեջ, այն է՝ որակյալ կրթություն ու առողջապահական ծառայություններ, հանգեցնելու է մարդու կյանքի որակի էական բարելավմանը: Մեզ համար բանաձևը շատ պարզ է. սահմանափակ ֆինանսական կապիտալի ու բնական ռեսուրսների պայմաններում մեր առաջընթացի շարժիչ ուժը հենց մարդկային ներուժն է: Սա է պատճառը, որ պարբերաբար շեշտում ենք գիտելիքահենք տնտեսություն ունենալու անհրաժեշտությունը և կարևորում գիտության, կրթության դերը տնտեսական ողջ էկոհամակարգում:

«COBRAIN»-ը թիրախավորում է հենց մարդկային կապիտալի զարգացումը իր բոլոր բաղադրիչներով: Նախևառաջ, դրա կարևոր բաղկացուցիչ է հետազոտելու կոմպետենցիաների զարգացումը, իսկ կատարվող հետազոտությունները նպաստելու են Հայաստանում նեյրոգիտության առաջխաղացմանը: Ինչու՞ է սա կարևոր: Հայտնի փաստ է, որ ուղեղի հիվանդությունների մոտ 90%-ը դեռևս անբուժելի է: Ընդ որում` դրանք սպառնում են տարիքային բոլոր խմբերին:

Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները բավականին տարածված են ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Ու խնդիրը ոչ միայն մարդու առողջության համար առկա սպառնալիքն է, այլև դրանց ազդեցությամբ առաջացած սոցիալ-տնտեսական բեռը ընտանիքների համար: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ուղեղի հետազոտությունները գերակայություն են համարվում, ուստի մեզ համար այս ծրագիրն ունի նաև ռազմավարական նշանակություն: Այսպիսով, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս և մաղթել բարի երթ»: