Ի՞նչ վիճակում է ռազմական բժշկությունն այսօր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արցախյան մարտերի ընթացքում վիրավոր, տուժած ազատամարտիկները ստանում էին բժշկական օգնություն Արցախի և Հայաստանի քաղաքացիական բժշկական հաստատություններում, խնդիրը կարգավորելու, միանման բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հետագայում հասկանալով, որ կարիք է լինելու հաշվառում անել, խնդիր բարձրացվեց, և 1992 թվականին ստեղծվեց Ռազմաբժշկական վարչությունը»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։
Նրա խոսքով՝ բժիշկներն այդ տարիներին ցուցաբերել են խիզախություն ու հարյուրավոր բարդ վիրահատություններ են կատարել։
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանն էլ նշեց՝ դաշտային ծանր պայմաններում վիրահատելուց մինչև այսօրվա տեխնիկապես գերհագեցած պայմաններ, սա այն ճանապարհն է, որով անցել է ռազմաբժշկական վարչությունը․
«Այսօր մենք ունենք մեծ հնարավորություններ, օրեցօր թարմացվում է մեր տեխնիկական միջոցները, վերանորոգվում են տարբեր բաժանմունքներ։ Տեխնիկական առումով անընդհատ թարմացում է կատարվում, ունենք հրատապ արձագանքման խմբեր, ինչպես նաև ուղղաթիռ կա մեր տրամադրության տակ»,-տեղեկացրեց նա։
Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանն էլ ընդգծեց, որ ռազմական բժշկությունը այսօր չի զիջում քաղաքացիական բժշկությանը․
«Շրջաններում ունենք կայազորային հոսպիտալներ, որոնք առաջատար են, վերջին տարիների ընթացքում մենք հիմնական շեշտը դրել ենք ռազմաբժշկական հաստատությունների իրավակարգավորումների վրա, բոլոր հաստատությունները սահմանված կարգով ստացել են լիցենզիաներ»։