Բացել լրահոսը Փակել լրահոսը
82583420_175168973588776_4217854641418797056_n
A A
Քաղաքականություն

«Եթե ուզում են քրեական ենթամշակույթի դեմ պայքարել, իրենց օրինակով պետք է դա անեն» (տեսանյութ)

Տարիներ շարունակ նման միջադեպեր խորհրդարանում եղել են՝ անդրադառնալով Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցած վիճաբանությանը՝ նշեց ParlamentMonitorinq.am կայքի խմբագիր Մարիամ Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ ԲՀԿ-ական պատգամավորներից մի քանիսի միջեւ։

«Եվ մեր խորհրդարանականներն էլ, որպես սրտի մխիթարանք, ասում են, որ դա մեր խորհրդարանին հարիր չէ։ Թվում է, որ նոր խորհրդարանը, ի տարբերություն նախորդների, չունի մականուվավոր պատգամավորներ։ Սկզբում մտածում էինք, որ  որակական փոփոխություն կա»,- նշեց նա։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ քրեական ենթամշակույթը վերացնելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ, և միայն օրենքի ուժով հնարավոր չէ վերացնել այն:

 «Սա մեր հասարակության բանավեճի մշակույթ չունենալն է, երբ  ցանկացած հարց, որ  ոչ թե քննարկվում է փաստ և տրամաբանություն սկզբունքով, այլ պիտակավորումներով, հայհոյանքներով և լուտանքներով, ու նույնը տեղափոխվում է նաև քաղաքական միջավայր։ Սա մեր մշակույթն է, որը գալիս է կրթությունից, փողոցից, ընտանիքից»,- նշեց նա։

Իշխանյանի խոսքով՝ այդ ենթամշակույթի դեմ օրենքով չեն պայքարում, դա պետք է մեր ուղեղներում փոխել։

«Քաղաքական վերնախավի օրինակով պետք է ցույց տան, որ իրենք այդ ենթամշակույթի կրող չեն»:

Ավետիք Իշխանյանը ավելացնում է՝ պատժիչ մեխանիզմի ստեղծումն արդյունավետ չէ։

«Պատժիչ մեխանիզմի կիրառումը կամ ավելի չարացնում է կամ  խեղճացնում է: Արդյունավետ ճանապարհ չէ, ցանկացած բացասական երևույթի համար ընդունել օրենք: Ի վերջո իշխող խմբակցության բառապաշարն ինչպիսին է՝ «ռազբիրյատ», «բեսեդկա», իրենք ուզում են ցույց տալ, որ իրենք էլ այդպիսին՝ հանկարծ չկարծեք մենք տղամարդ չենք, մենք էլ ենք այդ մշակույթը կրողը։ Եթե ուզում են քրեական ենթամշակույթի դեմ պայքարել, ապա իրենց օրինակով պետք է դա անեն, խոսեն քաղաքավարի, իրենք այդպես են խոսում, մեղադրում են մյուսներին»:

Ավետիք Իշխանյանը կարծում է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար պետք է ունենալ քաղաքական մշակույթ։