Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը՝ սպանդանոցների մասին

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել բացառապես սպանդանոցների միջոցով անասունների մորթի կազմակերպման կառավարության որդեգրած դիրքորոշումը:

Գյուղատնտեսությունը և մասնավորապես անասնապահությունը հանդիսանում են Հայաստանի տասնյակ հազարավոր ընտանիքների եկամտի եթե ոչ միակ, ապա հիմնական աղբյուրը: Ուստի, այս ոլորտում կառավարության ձեռնարկած ցանկացած քայլ պետք է միտված լինի ոլորտի զարգացմանը, դյուրացնի անասնապահությամբ զբաղվելը և բարձրացնի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսությունների ու ձեռներեցների եկամուտը: Մինչդեռ, հերթական անգամ կառավարությունը խնդրի լուծումը պատկերացնում է ոչ թե ամբողջական, այլ հատվածային և չկշռադատված:

Խնդիրն այն է, որ թեև սննդի անվտանգության ապահովման կարևոր մեխանիզմներից մեկը սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումն է, սակայն այն ենթադրում է բոլոր անհրաժեշտ և բավարար պայմանների առկայություն, որոնք ներկայումս բացակայում են: Ուստի, դրական արդյունք ապահովելու փոխարեն առաջանում են բարդություններ թե՛ անասնապահությամբ զբաղվողների, թե՛ անասունների մորթով զբաղվողների, թե՛  սպառողների համար:

Մասնավորապես.

  1. Չկա սպանդանոցային մորթի անհրաժեշտության հանրային լայն ընկալում: Ավելին՝ այս վիճակում նշված պահանջի կիրառումը հանգեցնելու է մսամթերքի գների անվերահսկելի բարձրացմանը, ցածրորակ մսամթերքի ներմուծմանը` վնասելով տեղական արտադրությանը:
  2. Հայաստանի մարզերում բացակայում են որակյալ և բավարար մրցակցություն ապահովող անհրաժեշտ քանակի սպանդանոցներ: Անհրաժեշտության դեպքում պետությունը պետք է ստեղծի այդպիսի համակարգ՝ ամբողջությամբ պետական կամ մասնավորի հետ համատեղ (այդ թվում՝ ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ):
  3. Ֆինանսական լրացուցիչ բեռ է դրվում գյուղացու (անասուն ունեցողի) վրա:
  4. Սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումը պետք է տնտեսապես շահավետ լինի թե գյուղացու, թե սպանդանոցը գործարկողի և թե սպառողի համար:
  5. Անասունների մորթի գործում մասնագիտացած անձինք չպետք է հայտնվեն գործազուրկի կարգավիճակում, այլ պետք է հնարավորություն ունենան իրենց մասնագիտական որակներն օգտագործել սպանդանոցային մորթի բնագավառում՝ ապահովելով աճող եկամուտ իրենց ընտանիքների համար:
  6. Պետք է ընդլայնել և բարձրացնել անասնաբուժական ծառայությունների հասանելիությունն ու որակը՝ անհրաժեշտ դեղորայքը ժամանակին ապահովելու և բարձրակարգ անասնաբույժների համակարգի ստեղծման միջոցով:
  7. Հանրային, համայնքային և պետական պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով հարկ է վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

Վերը նշված պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ է հաստատել և գործադրել գործողությունների հստակ ծրագիր և ժամանակացույց, ոլորտի խրախուսման և պետական աջակցության նոր փաթեթի ընդունում՝ ի հավելումն աջակցության գործող մեխանիզմների:

 

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ