Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zaruhi Postanjyan
A A
Քաղաքականություն

Բազմաթիվ հարցերի և տեղեկատվական դաշտի կրող է եղել Գեորգի Կուտոյանը․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

 «Սպանել են, թե հասցրել են ինքնասպանության, մենք պետք է արձանագրենք, որ սա սպանություն է»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի մահվան հանգամանքին։

Փոստանջյանի խոսքով՝ եթե պետությունը չի պաշտպանում մարդու կյանքի իրավունքը, ապա պետությունը ինքն է դառնում հանցակից տվյալ հանցագործության․

«2016 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հրամանագիր արձակեց և Կուտոյանին նշանակեց ԱԱԾ ղեկավար, ես այդ հրամանագիրը վիճարկել եմ Վարչական դատարանում, իհարկե, Վարչական դատարանը վարույթ չընդունեց ապօրինի կերպով, բայց այն չափանիշները, որով պետք է նշանակվեր ԱԱԾ ղեկավարը, պարոն Կուտոյանը այդ չափանիշներին չէր համապատասխանում»։

Փոստանջյանն ասում է՝ Գերոգի Կուտոյանը զոհն է այս ավտորիտար համակարգի և պետության անպատժելի մթնոլորտի․

«Շարունակաբար կիրառվող և ընթացող ապօրինությունների զոհն է։ Ոչ մի ներկա կամ նախկին բարձրաստիճասն պաշտոնյա չի կարող պաշտպանված լինել, եթե մենք մեր երկրում չունենք հակակշիռների և զսպումների մեխանիզմ»։

Փոստանջյանն ընդգծում է, որ Կուտոյանը վերջին երկու տարիների ընթացքում եղել է շատ կարևոր պաշտոնի․

«Այդ երկու տարիների ընթացքում կաևոր աշխարհաքաղաքական իրողություններ տեղի ունեցան նաև մեր տարածաշրջանում, և այս գաղտնիքների մասին տեղեկացված է եղել պարոն Կուտոյանը, հետևաբար՝ նրա կյանքի պաշտպանությունը պետք է հոգար պետությունը»։

Փոստանջյանը նշում է, որ մարդկանց կալանավորելու, հետո բաց թողնելու ուղղակի տեսարաններ են ապահովում նաև հոգեբանական ճնշում բանեցնելու համատեքստում, որովհետև որևէ լուրջ դատական գործընթաց այդպես էլ տեղի չի ունենում։

Բանախոսը վստահ է, որ Կուտոյանը տիրապետում էր գաղտնիքներ նաև այս իշխանության հետ կապված․

«Նա մասնակիցն էր ՊՊԾ գնդի բանակցությունների, ինձ համար անհասկանալի մնաց՝ ինչպես թույլ տվեցին Նիկոլ Փաշինյանին մուտք գործել  ՊՊԾ գնդի տարածք, և այնտեղից ուղիղ եթերով հանդես գալ, նաև՝ ինչպես տեղի ունեցավ իշխանության փոխանցում Նիկոլ Փաշինյանին, տեղեկացված է եղել, որ Նիկոլ Փաշինյանը գրավում է Ռադիոտունը, և այդ ժամանակ ինչո՞ւ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, այսինքն՝ բազմաթիվ հարցերի և տեղեկատվական դաշտի կրողը եղել է Գեորգի Կուտոյանը»։

Փոստանջյանը նշեց նաև, որ որոշ լրատվամիջոցների նկատմամբ կան ճնշումներ, դրանք ցավալի են, բայց մեր օրերում ինֆորմացիան թաքցնել հնարավոր չէ, պնդում է նա։

«Եթե մի պետության մեջ լրատվամիջոցների նկատմամբ այսպիսի վերաբերմունք է, անպատժելի մթնոլորտ է, բարձրաստիճան պաշտոնյաները ինքնասպանության են հասցվում կամ սպանվում են, արդեն այստեղ ներդրումների մասին պետք է մոռանանք և լրջորեն մտածենք՝ որն է մեր հաջորդ քայլը, հասկանանք, որ կեղծ հեղափոխությունն այլևս ավարտված է»։