Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Սպանվել է այն գաղտնիքը, որի կրողն էր նա»․Տիգրան Խզմալյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին (տեսանյութ)

«Մենք չենք կարող այս ամենում չտեսնել քաղաքական աստառ, որովհետև նա շարքային պաշտոնյա չէր, նա գլխավորում էր ուժային կառույցներից մեկը, ընդ որում՝ հենց այն պահին, երբ հասարակական ընդվզումը Ապրիլյան պատերազմից հետո, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ և 2018 թվականի գարնան իրադարձությունների ժամանակ հասել էր գագաթնակետին»,- «Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։

«Եթե պատկերավոր բնորոշենք, ապա մենք հերթական անգամ համոզվում ենք, որ վթարի ժամանակ առաջացած ծակերը փակելու համար թավիշը լավագույն լուծումը չէ»,-նշում է Խզմալյանը՝ հավելելով, որ սա է պատճառը, որ թավշյա հեղափոխությունից հետո սկսվեց հակահեղափոխությունը։

Խզմալյանն ընդգծում է, որ իրենց համոզմամբ ևս՝ պետական ապարատը դիմադրում է, քանի որ  Հայաստանը  մնում  է հետսովետական երկիր։

Խզմալյանն ընդգծում է նաև․«Սպանվել է ոչ այնքան Կուտոյանը, սպանվել է այն ինֆորմացիան, այն ճշմարտությունը, այն գաղտնիքը, որի կրողն էր նա»։

Ինչ վերաբերում է դատական համակարգին, Տիգրան Խզմալյանն ասում է՝ դատավորները եղել և շարունակում են մնալ «զավթիչների սպասավորները»․

«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության եկած ուժերը ձևացնում են, որ կարելի է ներքին բարեփոխումներով փոխել երկրի վիճակը։ Երկրի իրավիճակը կփոխվի, և մեր խնդիրները կլուծվեն միայն ռուսական զավթիչ ուժից ազատվելուց հետո, և ինչպես ցույց  է տալիս ժամանակը, ո՛չ դատական համակարգը, ո՛չ մամուլը, ո՛չ խորհրդարանը իրականում չեն համապատասխանում մարտահրավերներին, շարունակում են գործել նույն տրամաբանությամբ, և ստրկամիտ և  գաղութացված երկրի պատկերը չի փոխվում»,- ասաց նա։