Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արցախցիների կյանքը սակարկման ենթակա չէ․ Ռուբեն Ռուբինյան

Աժ Արտաքին հարաբերությունների մշատական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ հեռու գնալ պետք չէ, որպեսզի իմանաս Ադրբեջանի տարբեր տարիների իշխանությունների վարած հակահայ քաղաքականության մասին։ Նա սեփական օրինակն ունի։

«Իմ տատը, որն արցախցի էր, որբ էր։ Մեր ընտանիքում ասում են՝ նա որբացել էր 1920թ. Շուշիի ջարդերի հետևանքով: Նրա թոռը՝ մայրս, ծնվել և իր կյանքի առաջին տարիներն անցկացրել է Բաքվում և ճակատագրի հեգնանքով պատճառը, որ նա և իր ընտանիքը փրկվել են Բաքվի ջարդերից, հակահայկական խտրականության մեկ այլ դրսևորում է, որովհետև նրա հայրը՝ պապս, որը կրկին ճակատագրի հեգնանքով մասնակցել էր Հայրենական պատերազմին, հասել էր Բեռլին և իր ներդրումն էր ունեցել նացիզմի հանդեպ հաղթանակի գործում, 1970թ. ստիպված էր եղել վերցնել ընտանիքը և տեղափոխվել Երևան, որովհետև ինչպես շատ հայեր, այնպես էլ ինքը Խորհրդային Ադրբեջանում խտրականության էին ենթարկվում։ Կոնկրետ իմ ընտանիքի դեպքում կարելի է տեսնել այն հակահայկական գիծը, որ իրականացրել են հայության հանդեպ: Ցավոք, այս քաղաքականությունը շարունակում է նաև այսօր»,- Ազգային ժողովում Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստին, որը նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին, պատմեց Ռուբեն Ռուբինյանը:

Արտաքին հարաբերությունների մշատական հարցերի հանձնաժողովի նախագահը հավելեց, որ Ադրբեջանում վերացվում է հայկական մշակութային ժառանգությունը, հայկական պատմական կոթողները և ոչ միայն։

««Յան» ազգանունը կրող անձինք չեն կարող մուտք գործել Ադրբեջան, նույնիսկ եթե նրանք Հայաստանի քաղաքացի չեն, նույնիսկ եթե նրանք էթնիկ հայ չեն, բայց օրինակ՝ մոլդովացի են ու նրանց ազգանունը տեղ-տեղ ավարտվում է «յան»-ով։ Սա խայտառակություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ Եվրոպայի, աշխարհի և քաղաքակիրթ հանրության համար, որովհետև հայատյացությունը միայն հայերի հարցը չէ, այլև մարդկության հարց է, և այն պետք է լինի ամբողջ աշխարհի հարցը»,-նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Խոսելով Ադրբեջանի իշխանությունների մտադրություններ մասին, թե Արցախն ուզում են վերադարձնել, Ռուբեն Ռուբինյանն ասաց.

«Ադրբեջանին Արցախը պետք է որպես տարածք առանց մարդկանց, և Ադրբեջանը նպատակային քաղաքականություն է որդեգրել հայերին բնաջնջելու իրենց պատմական հայրենիքի այս հատվածից ևս: Սրան ի պատասխան՝ ես ուզում եմ հայտարարել, սա փոխանցելու եմ նաև մեր միջազգային գործընկերներին, որ արցախցիների կյանքը սակարկման ենթակա չէ, Արցախի ժողովրդի անվտանգությունը զիջման ենթակա չէ Ադրբեջանի հայատյաց և բռնապետական ռեժիմին, և այլևս երբեք պատմական մեր հայրենիքում չեն լինելու հակահայկական ջարդեր, որովհետև մենք դա թույլ չենք տալու»,- հավելեց նա։