Բացել լրահոսը Փակել լրահոսը
1_VdeBznI8UB2OmQfGBOOIQg
A A
Հասարակություն

Մատենադարանի արհմիությունը կասկածի տակ է դրել հիմնադրամի կառավարման մարմինների ընտրությունների իրավաչափությունը

Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահությունը, իրականացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված լիազորությունները, բացահայտել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի կառավարման մարմինների ձևավորման որոշ հանգամանքներ, որոնց մասին ձեռք բերված տեղեկատվության վրա հիմնվելով՝ պարզել է, որ գործ ունենք թույլ տրված չարաշահումների և չի բացառվում՝ առերևույթ հանցագործության հետ, գրում է medium.com-ը։

Այսպես, համաձայն «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի Կանոնադրության VI-րդ գլխի 27-րդ հոդվածի՝ Մատենադարանի կառավարման մարմիններն են Մատենադարանի Հոգաբարձուների խորհուրդը և Մատենադարանի տնօրենը: Կանոնադրության նույն գլխի 36-րդ հոդվածի համաձայն՝ խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ ավելի մեծ թվով ձայներ նախատեսված չեն:

Կանոնադրության 37-րդ հոդվածի համաձայն՝ Մատենադարանի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև Մատենադարանի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից հարցում է ուղարկվել մի շարք բուհական և ինստիտուտ հիմնադրամներին՝ խնդրելով տրամադրել Հոգաբարձուների և Գիտական խորհուրդների նիստերի արձանագրությունները: 05.10.2018 թ. նմանատիպ հարցմամբ դիմում է եղել նաև Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին՝ պատճենը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որով Մատենադարանի տնօրենից խնդրել են տրամադրել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների և Գիտական խորհուրդների 2017 թվականի հուլիսի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր նիստերի արձանագրությունների պատճենները:

Վերոնշյալ հարցման արդյունքում տրամադրվել են Հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունների պատճենները: Ծանոթանալով տրամադրված նիստերի արձանագրություններին՝ արհմիությունը պարզել է, որ Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 19-ին, որին ներկա են եղել Հոգաբարձուների խորհրդի բոլոր՝ թվով 19 անդամները: Այդ օրը Հոգաբարձուների խորհուրդը միաձայն՝ 19 կողմ ձայնով խորհրդի նախագահ է ընտրել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ազատի Սարգսյանին: Նույն օրն ընտրվել է նաև Հոգաբարձուների խորհրդի քարտուղարը: Վերոնշյալ նիստի արձանագրությունը սակայն ստորագրվել է միայն Խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից: Նշվածը թերևս կասկածի տեղիք չէր տա, եթե վերոնշյալ նիստի արձանագրությունը Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի և Կանոնադրության պահանջների խախտմամբ կազմված չլիներ: Հիմնադրամների մասին օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի և Կանոնադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման Խորհրդի նախագահի և տվյալ նիստին մասնակցող Խորհրդի բոլոր անդամների կողմից: Հարցման արդյունքում տրամադրված նիստի արձանագրության պատճենի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ նշված արձանագրությունը ստորագրվել է միայն Խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից: Ստացվում է, որ Մատենադարանի կառավարման գլխավոր մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն իրականացվել է Օրենքի և Կանոնադրության պահանջների խախտմամբ:

Հարցման արդյունքում տրամադրված մյուս արձանագրության պատճենը վերաբերում է Հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի մարտի 6-ին հրավիրված նիստին, որին, ըստ արձանագրության, մասնակցել են Խորհրդի բոլոր 19 անդամները: Նշված նիստով Մատենադարանի տնօրեն է ընտրվել առաջադրված միակ թեկնածու Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն՝ 19 կողմ ձայնով: Այս արձանագրությունը ևս ստորագրվել է միայն Խորհրդի նախագահ Լ.Սարգսյանի և քարտուղար Ա.Մալխասյանի կողմից: Այս արձանագրությամբ ևս թույլ է տրվել Հիմնադրամների մասին օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի և Կանոնադրության 41-րդ հոդվածի իմպերատիվ պահանջի խախտում, որի արդյունքում կասկածի տակ է դրվում Մատենադարանի տնօրենի ընտրության իրավաչափությունը:

Վերոնշյալի վերլուծությամբ պետք է փաստել, որ Մատենադարանի կառավարման մարմինների ընտրություններն իրականացվել են Օրենքի և Կանոնադրության պահանջների կոպիտ խախտմամբ, ինչն ուղղակի անթույլատրելի է մշակութային և գիտական կարևոր գործառույթ իրականացնող և շուրջ 350 աշխատակից ունեցող հիմնարկի պարագայում:

Հարցման արդյունքում տրամադրված մյուս արձանագրության պատճենը վերաբերում է 2018 թվականի հուլիսի 27-ին հրավիրված Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին: Հիշյալ նիստին, ըստ արձանագրության, մասնակցել են Խորհրդի թվով 13 անդամներ, բացակա են եղել նախագահ Լևոն Սարգսյանը և Արամ Սիմոնյանը, ի պաշտոնե ազատված են եղել Լ.Մկրտչյանը, Վ.Ստեփանյանը, Ա.Բերբերյանը և Ն.Տեր-Վարդանյանը:

Խորհուրդը, նկատի ունենալով երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները և հայտնի իրադարձություններով պայմանավորված Խորհրդի նախագահի բացակայությունը, 12 կողմ ձայնով Խորհրդի նախագահի պաշտոնակատար է ընտրել Սամվել Հարությունյանին: Օրակարգում ներառված է եղել նաև Կանոնադրության փոփոխություն, որի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 19-ից դարձել է 23: Նախ սկսենք նրանից, որ նիստի արձանագրության ուսումնասիրությունից պարզվել է, որ որևէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացված չի եղել Խորհրդի անդամների թիվը 19-ից 23 դարձնելու համար, այն էլ արտահերթ նիստով, սակայն նույնիսկ սա չէ ամենակարևորը:

Ի տարբերություն նախկին երկու արձանագրությունների, որոնք ստորագրվել էին միայն Խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից, այս մեկը ստորագրվել է նաև Խորհրդի անդամների կողմից, բայց ոչ բոլորի:

Ինչպես արդեն նշվել է վերևում Կանոնադրության փոփոխություն հնարավոր է իրականացնել Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ մեծամասնությամբ՝ 2/3-ով: Նկատի ունենալով, որ հիշյալ նիստին, ըստ արձանագրության, մասնակցել են 19-ից միայն 13 անդամ, Կանոնադրությունում հնարավոր կլիներ փոփոխություն մտցնել, եթե մասնակից բոլոր 13 անդամները քվեարկեին դրա օգտին:

Նիստի արձանագրության պատճենից ակնհայտ է, որ 13-ի փոխարեն արձանագրությունը ստորագրել են միայն 10-ը, իսկ երեքը՝ Ռադիկ Մարտիրոսյանը, Տիգրան Զարգարյանը և Նազենի Ղարիբյանը, չեն ստորագրել: Սակայն այսքանով հանդերձ՝ Կանոնադրությունում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում Հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 19-ից դարձել է 23:

Կանոնադրության վերոնշյալ փոփոխությունը գրանցվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձնաց պետական ռեգիստրում, որի համար Մատենադարանի տնօրինության կողմից ներկայացվել են «համապատասխան» փաստաթղթեր: Նշված հանգամանքը պարզելու համար արհմիության դիմումի հիման վրա վերջինիս են տրամադրվել Մատենադարանի պետական գրանցման արխիվային գործում առկա հայցվող փաստաթղթերի պատճենները: Նշված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կանոնադրությունում փոփոխություն կատարելու հիմք հանդիսացել է ոչ թե Հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի արտահերթ նիստի արձանագրությունը, այլ դրանից կատարված քաղվածքը, որը ստորագրվել է Մատենադարանի տնօրեն Վ.Տեր-Ղևոնդյանի կողմից: Հիշյալ քաղվածքի համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի վերոնշյալ արտահերթ նիստի արձանագրությունը ստորագրել են նիստին մասնակցած բոլոր 13 անդամները:

2018 թ. Հայաստանում Թավշյա հեղափոխությանն անմիջապես հաջորդած կանոնադրական փոփոխությունները թողնում են շտապողականության և դիտավորության տպավորություն: «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի Կանոնադրության 28-րդ հոդվածի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը խորհրդի անդամ է ի պաշտոնե: Արայիկ Էդուարդի Հարությունյանը ՀՀ կրթության և գիտության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին, իսկ Կանոնադրության փոփոխության վերաբերյալ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը հրավիրվել և կայացվել է 2018 թվականի հուլիսի 27-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն Արայիկ Հարությունյանը ի պաշտոնե Խորհրդի անդամ է եղել, սակայն այդպես էլ արտահերթ նիստին չի հրավիրվել և չի մասնակցել: Հիշյալ արտահերթ նիստի արձանագրության ուսումնասիրությամբ պարզվում է, որ նախկին նախարար Լ.Մկրտչյանը նիստին չի մասնակցել, քանի որ ի պաշտոնե ազատված է եղել: Արձանագրությունը տվյալներ է պարունակում նաև նիստին չմասնակցած անդամների մասին, իսկ նոր նշանակված նախարարի չմասնակցելու վերաբերյալ որևէ տվյալ արձանագրությունում առկա չէ, մինչդեռ վերջինիս պարտավոր էին հրավիրել, քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարն ի պաշտոնե է հանդիսացել Խորհրդի անդամ, այլ ոչ թե անձով պայմանավորված: Սա ևս Կանոնադրության կոպիտ խախտում է, որն ըստ երևույթին թույլ է տրվել գիտակցաբար և դիտավորությամբ, քանի որ Կանոնադրությունում փոփոխություն նախաձեռնող անձինք քաջածանոթ են Կանոնադրությանը և չէին կարող չիմանալ գործող նախարարի Խորհրդի անդամ հանդիսանալու մասին:

Առհասարակ, Կանոնադրությունը Հոգաբարձուների խորհրդի ձևավորման մասով խնդրահարույց է և լի է կոռուպցիոն ռիսկերով: Դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ (N 1531 — Ա) ձևավորված Հոգաբարձուների խորհրդում Մատենադարանից ներկայացված անդամների անունները հայտնի են դարձել խորհրդի կազմը հաստատելուց հետո միայն: Թեև Թավշյա հեղափոխությունը արթնացրել էր հույսեր, որ խորհրդի նոր կազմը կձևավորվի մասնակցային սկզբունքով, խորհրդի կազմը ոչ միայն գրեթե մնաց նույնը, այլև համալրվեց հին սկզբունքներով: Սա լավագույնս արտացոլված է տնօրեն Վ.Տեր-Ղևոնդյանի՝ 28.09.2018-ին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում, որտեղ նա հրաժարվել է մանրամասնել խորհրդում ընդգրկված անդամների մասին տեղեկություններ, քանի դեռ առաջարկվող փոփոխությունները չեն հաստատվել վարչապետի կողմից https://www.armtimes.com/hy/article/145139: Ելնելով վերոնշյալից և ծանոթ լինելով է 2017 թ. հուլիսի 20-ից մինչև 2018 թ. հոկտեմբերի 5-ը ընկած ժամկետում Մատենադարանի Հոգաբարձուների և Գիտական խորհուրդների բոլոր նիստերի արձանագրություններին, որոնք չեն արտահայտում Մատենադարանի աշխատակազմից խորհրդի կազմում հայտնված անդամների ընտրության հանգամանքները, չափորոշիչներն ու մեխանիզմները, ավելին՝ առաջ են բերում շահերի բախման ռիսկեր, ինչպես նաև բավարար կոմպետենցիաների խնդիր՝ 22.05.2019 թ. գրությամբ արհմիությունը դիմել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Աբրահամյանին՝ խնդրելով մեկնաբանել Հոգաբարձուների խորհրդում Մատենադարանի անդամների ընդգրկման կարգը և հիմքերը: Պատասխան նամակում խորհրդի նախագահը հայտնել է, որ Հոգաբարձուների խորհրդի Մատենադարանը ներկայացնող կազմը ձևավորվել է տնօրինության նիստում: Տվյալներ չկան, թե երբ և ինչ կազմով է գումարվել տնօրինության վերոնշյալ նիստը, բայց դժվար է հասկանալ այստեղ «տնօրինություն» բառը, քանի որ 2016 թ. սեպտեմբերից մինչև 2018 թ. մարտի 6-ը Մատենադարանում թափուր են եղել տնօրենի, գիտական գծով փոխտնօրենի, գիտական քարտուղարի հաստիքները: Տնօրենի պարտականությունները նշյալ ընթացքում ժամանակավորապես կատարել է Վ.Տեր-Ղևոնդյանը: Լ.Աբրահամյանը, տեսականորեն ընդունելի համարելով արհմիության մտահոգությունը, որ կանոնադրությունը վտանգավոր նախադրյալներ է ստեղծում հիմնադրամի կառավարման հիմքում դնելու փակ խմբային մշակույթը, խաթարում է ընտրությունների միջոցով ինստիտուտի կառավարմանը մասնակցելու Մատենադարանի աշխատողների իրավունքը, պատրաստակամություն էր հայտնել խորհրդի նիստերից մեկում օրակարգ մտցնել Խորհրդում հիմնադրամի աշխատակիցների ներգրավման սկզբունքների և մեխանիզմների հարցը: 2019 թ. դեկտեմբերի 5-ի Հոգաբարձուների խորհրդի նիստում հարցը դրվել է քննարկման, ԿԳՄՍ նախարարի առաջարկով որոշվել է ձևավորել կանոնադրության փոփոխությունները նախապատրաստող հանձնախումբ (1 ներկայացուցիչ ԿԳՄՍ նախարարությունից, 2-ական ներկայացուցիչ Մատենադարանի տնօրինությունից և արհմիությունից, այդ մասին տե՛ս արհմիության հայտարարությունը https://www.facebook.com/matenadaranguild/posts/708601546296838): Մինչ այդ, սակայն, առնվազն խնդրահարույց են մնում Խորհրդի մի շարք որոշումներ՝ մասնավորապես 2019 թ. ապրիլի 6-ին Խորհրդի մեծամասնական քվեարկությամբ հաստատված կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, որ չուներ փոփոխությունների անհրաժեշտության հստակ հիմքերն ու սկզբունքները, և հաստիքացուցակը, համաձայն որի՝ մի շարք անձինք զբաղեցնում են միաժամանակ երկու վարչական պաշտոն, առկա են աշխատավարձի ոչ արդար և համաչափ բաշխման դեպքեր:

Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը 03.12.2019 թ. դիմումով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին, իրազեկել է նաև ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի նախագահին:

ՀՀ վարչապետին ուղղված և 11.12.19-ին ԿԳՄՍ նախարարություն վերահասցեագրված դիմումին (12.12.19, թիվ 01/10.1/29623–19) ի պատասխան 19.12.19-ին տնօրեն Տեր-Ղևոնդյանը տվել է մասնակի բացատրություններ, որն էլ իր հերթին 30.12.19-ին վերահասցեագրվել է արհմիությանը: Խորհրդի նախագահի և տնօրենի ընտրությունների վերոնշյալ իրավախախտումները տնօրենը բխեցրել է Խորհրդի աշխատակարգից, համաձայն որի՝ մինչև 05.04.18 թ. արձանագրությունները ստորագրվել են միայն Խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից: 27.07.2018 թ. Կանոնադրության փոփոխման մասին արձանագրության մեջ երեք ստորագրության բացակայությունը նա պատճառաբանել է Խորհրդի անդամներին պատահած կենցաղային հանգամանքներով, 01.08.2018 թ. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր ներկայացրած կեղծ փաստաթղթաբանությունը չի պատճառաբանել: Այսպիսով, չհերքելով հանդերձ մատնանշված պաշտոնական կեղծման և իրավախախտումների պարագան՝ տնօրենը «անհիմն» է որակել արհմիության բարձրացրած հարցերը՝ կցելով Խորհրդի աշխատակարգը և վերոնշյալ 3 նիստի ներկայաթերթիկները, որոնք ի տարբերություն արձանագրությունների, ստորագրված են: