Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանվել Գրիգորյան
A A
Հասարակություն

Որեւէ դրական զարգացում չկա․ պաշտպանը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին

Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է, բայց գիտակից վիճակում է։ «Ա1+»-ին հայտնեց Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը։

 «Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Որևէ դրական զարգացում այս պահի դրությամբ չկա։ Ավելին երեկ ամբողջ օրվա ընթացքում, գիշերը բժշկական տարբեր հիմնարկ-հաստատություններից ներգրավված էին ոլորտի մասնագետներ, հիմնականում, որքան հասկացանք, սրտի մասնագետներ, տարբեր կոնսիլիումներ էին կատարում, արձանագրեցին, որ վիճակը ծայրահեղ ծանր է»,- մանրամասնեց պաշտպանը։

Հարցին, թե վիրահատության կարի՞ք կա, Բաղդասարյանը պատասխանեց, որ մտադրություն է եղել Համակարգչային տոմոգրաֆիա (ԿաՏե) իրականացնել, սակայն բժիշկները ձեռնպահ մնացին՝ հաշվի առնելով ԵԿՄ նախկին նախագահի ծայրահեղ ծանր վիճակը։

«Մասնավորապես նաև շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ են արձանագրվել։ Անգամ այդ բժշկական միջամտությունը չարեցին՝ հաշվի առնելով, որ դա բավականին ռիսկային է, հնարավոր է, որ «ԿաՏե»-ի ընթացքում հիվանդը մահանա»,- եզրափակեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը։ 

Մենք նաև փորձեցինք «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղեկություն ստանալ Գրիգորյանի առողջական վիճակի մասին, սակայն հրաժարվեցին հայտնել։