Բացել լրահոսը Փակել լրահոսը
83009225_2936788839707116_1117675169024835584_n
A A
Հասարակություն

Ո՞ր դեպքում է հնարավոր Արցախի մոտակայքում խաղաղապահ զորքերի տեղակայումը

ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ հնարավոր է՝ Արցախի «բուֆերային» գոտում  ռուս խաղաղապահներ տեղակայվեն։ 

«Այս թեման տեւական ժամանակ է, ինչ ռուսական փորձագիտական սեկտորի (Մարկեդոնով, Կոլերով, Տարասով) ուշադրության առանցքում է։ Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ նման փորձագիտական շրջանակների կողմից որոշակի թեմաների հրապարակ նետելը երբեք պատահական չի արվում: Ավելին, որոշ ռուսական լրատվականներ («Ռեգնում», «Նոյեւ Կովչեգ», «Կովկազկի Ուզել» եւ այլն) լծված են Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացներում որոշակի «սլիվներ» տարածելու եւ խաղաղապահների թեման անընդհատ տարբեր առումներով «ռասկրուտկա» անելու գործին»,- գրել է «Փաստ» թերթը։

Այս առթիվ մեկնաբանություն ստանալու համար «Ա1+»-ը կապ հաստատեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ  Սենոր Հասրաթյանի հետ։ «Ուրեմն դա քաղաքականություն է։ Պաշտպանության բանակը քաղաքականությամբ չի զբաղվում»,- ասաց Հասրաթյանը «Ա1+»-ին։ 

Ճշտող հարցին, թե նա բացառո՞ւմ է խաղաղապահների տեղակայումը, վերջինս պատասխանեց, թե ինչպե՞ս բացառի կամ չբացառի, և խորհուրդ տվեց զանգահարել Արցախի արտգործնախարարություն․ «Դա քաղաքականություն է։ Բանակը մի՛ խառնեք դրա մեջ»։ 

Արցախի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ նախ Արցախը բուֆերային գոտիներ չունի, և տարատեսակ ոչ պաշտոնական  նորություններ նախարարությունը չի մեկնաբանում։ 

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը խաղաղապահների տեղակայման մասով նույնպես նշեց, որ Արցախը բուֆերային գոտի հասկացողությունը չունի և այդպիսի գաղափար առհասարակ չկա։ 

«Այսպիսի տերմինաբանությունը, կարծում եմ, ինքնին արդեն հնացած է և չի արտացոլում իրականությունը։ Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը՝ հարցը պարբերաբար քննարկվում է։ Արցախյան կողմն ընդհանրապես դեմ չէ խաղաղապահների տեղակայման, բայց մենք ունենք հստակ դիրքորոշում՝ երբ դա կարող է տեղի ունենալ։ Այն ժամանակ, երբ որ վերջնականապես բոլոր հարցերը կարգավորվեն, որևէ բաց հարց չմնա․ Արցախը ճանաչի Ադրբեջանը, Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետությունը։ Միգուցե այդ ժամանակ ինչ-որ խաղաղապահներ տեղակայվեն միայն երկու պետությունների սահմանների երկայնքով»,- ընդգծեց Բաբայանը։

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը սակայն նշեց, թե արդյոք կլինի՞ նպատակահարմար, թե՞ ոչ տեղակայումը․ 

«Բացի այդ սա միակ հակամարտության գոտին է, որտեղ խաղաղությունն ու կայունությունը պահպանվում է սեփական ուժերով»։ Սա, ըստ Բաբայանի, ցույց է տալիս, որ և՛ տեսականորեն, և՛ պրակտիկորեն հնարավոր է, որ այդ երկու սուբյեկտները՝ Ադրբեջանը և Արցախը, գոյատևեն որպես հարևաններ և սեփական ուժերով պահպանեն կայունությունը և խաղաղությունը։ 

Մամուլի խոսնակը ասաց, որ միգուցե նաև խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չլինի, որովհետև եթե խնդրի՝ չկարգավորված վիճակում պահպանվում է այդ խաղաղությունը և կայունությունը, բնական է, որ դա հնարավոր է պահպանել սեփական ուժերով։

Իսկ, թե ո՞ր պետությունների զորքերի համամասնությամբ, պատասխանեց․ «Այս ամենն այնքան հեռավոր ապագայի խնդիր է, այնքան տեսական է, որ դա պետք է քննարկվի հակամարտող կողմերի միջև՝ Ադրբեջան, Արցախ, Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների շրջանակներում։ Խոսել խաղաղապահների մասին, նրանց կազմի՝ սա, գիտեք, մի քիչ քաղաքական «կիկոսության» է նման։ Դրա համար պետք է լինել իրատես։ Տեսանելի ապագայում նման հարց չի կարող լինել։ Մենք խոսում ենք տեսական մի գաղափարի մասին, որը հակամարտության վերջնական կարգավորումից հետո միայն կարող քննարկվել, այն էլ միայն սահմանների երկայնքով, ուրիշ ոչ մ ի տեղ չի կարող տեղակայվել»։