Բացել լրահոսը Փակել լրահոսը
888888888888888888888888888
A A
Քաղաքականություն

Դրական եզրակացություն՝ աշխատող ուսանողների եկամտային հարկի գումարը ուսման վարձի համար փոխանցելու նախագծին (տեսանյութ)

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին, որով պատգամավորներն առաջարկում են Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և զուգահեռ աշխատող ուսանողների եկամտային հարկի գումարը փոխանցել ուսման վարձի համար։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե մոտավոր հաշվարկ կա՞, քանի ուսանողի մասին է խոսքը և որքան կկազմի ծախսը։ Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ գումարի չափ հստակ չի կարող ասել, որովհետև այն կախված է, թե քանի մասնագիտություններ կսահմանի Կառավարությունը։

«Իմ քայլից» Արտակ Մանուկյանն էլ նախագիծը բնութագրեց հետաքրքիր, բայց նշեց՝ թեև նախագծի հեղինակները նշում են, որ այդ կերպ կխթանեն աշխատելը, բայց նախագծի ընդունման պարագայում հակառակը կարձանագրվի։

«Այսինքն՝ մարդը, ունենալով աշխատանք, արհեստականորեն կսկսի գնալ մագիստրատուրա, կարելի է ասել՝ մեծ հաշվով կրթության կարևորությունը նվազում է»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ նրա համար կկարևորվի մագիստրատուրայի դիպլոմ ունենալը։

Բաբկեն Թունյանը, դիմելով Արտակ Մանուկյանին, նշեց՝ բայց այդ դեպքում իր օգուտը ո՞րն է, եթե մեկ է՝ ինքը վարձը տալու է։ «Բա կորուստը ո՞րն է»,- նկատեց Արտակ Մանուկյանը։

Սիսակ Գաբրիելյանը, արձագանքելով ելույթներին, նշեց, որ չի կարծում, թե օգուտ չի լինելու, որովհետև եթե մարդը սովորում է, նշանակում է, որ ինչ-որ բան ձեռք է բերելու։ Ի լրումն՝ Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ այսօր կան մասնագետներ, որոնք իրենց մասնագիտություններով չեն աշխատում, ինչը իրենց մտահոգում է, և այս քայլով փորձում են խրախուսել, որ մարդիկ աշխատեն այն մասնագիտությամբ, որն իրենց պետք է, և դրա պահանջարկը աշխատուշուկայում կա։

Հարակից զեկուցող, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց՝ նախագծի ընդունման նպատակադրումը բարի է, չեն վիճարկում, բայց Կառավարությունը համոզված չէ, որ ուսանողները չեն աշխատում հենց այն պատճառով, որ նրանց աշխատավարձից պետք է եկամտային հարկ վճարվի։

«Հատկապես այն պարագայում, երբ որ մենք այս տարվա սկզբից եկամտային հարկի բեռը էականորեն նվազեցրեցինք, ներդնելով եկամտային հարկի համահարթ դրույքաչափերի համակարգը, որը շարունակաբար նվազեցնելու ենք, և ներդրեցինք միկրոձեռնարկատաիրության հարկման արտոնյալ համակարգը, որի շրջանակներում ներգրավվող վարձու աշխատողների աշխատավարձը հաշվարկվելու է ընդամենը ամսական 5000 դրամի չափով, ինչը համարվելու է վերջնական հարկային պարտավորություն։ Հետևաբար, կարծում ենք, որ չենք կարող ասել, որ ուսանողները չեն աշխատում այն պատճառով, որ նրանց աշխատավարձը պետք է եկամտային հարկով հարկվի»,- ասաց նա։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նախագիծը քվեարկության դրեց, և այն դրական եզրակացություն ստացավ։