Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 15-ը հունվարի․ «Մենք զինվորիկներ չենք, Հայաստանն էլ կազարմա չի»․ Բազեյանը՝ Քոչարյանին (տեսանյութ)

Ավելի քան մեկ ամիս է անցել «Դրո»-ի գործով դատարանի հրապարակած դատավճռից, որով մի քանի սպանության եւ այլ հանցանքների մեջ մեղադրվող 11 անձ ստացան պատժաժամկետներ: Բոլոր մեղադրյալները Դաշնակցության անդամներ էին: Երեքին դատարանը դատապարտեց մահվան:

1997-հունվարի 15-ին Հայաստանի դատախազությունն այս դատավճիռը բողոքարկում է, մասնավորապես, ըստ դատախազության, Հրանտ Մարգարյանի ստացած 5 տարին քիչ է, դատարանը նրա հանդեպ չհիմնավորված մարդասիրություն է ցուցաբերել: Հենց այդ պատճառով, Մարգարյանի գործն ուղարկվում է նոր դատաքննության:

1998-ի հունվարի 15-ին ընդդիմադիր կուսակցություններն ու Շենգավիթի փախստականները Բաքվի ջարդերի առիթով երթով գնում են Ծիծեռնակաբերդ: Պետական կառույցներից ոչ ոք այս երթին չի միացել: Երթի մասնակիցները ճարտարապետների տանը շարունակում են հիշել Բաքվի ջարդերը: Այստեղ պահանջում են, որ միջազգային հանրությունն էլ միանա իրենց:

1999-ի այս օրերին Դաշնակցությունը հայ ժողովրդին կոչ է անում հունվարի 16-ին չօգտվել հեռախոսակապից: Ընդամենը մեկ օր առաջ է «Արմենթելը» ժամանակավորապես չեղյալ համարել րոպեավճարը բարձրացնելու որոշումը: Դաշնակցությունն, այնուամենայնիվ, անջատում է : Ժողովուրդը համաձայն է Դաշնակցության հետ, բայց դա հարցի լուծում չէ: Չեռնոբիլի վթարված ատոմակայանում աշխատած հայորդիների համար Հայաստանում ստեղծվել է ռադիացիոն բժշկության կենտրոն, որտեղ հաշվառված է 2 հազար 80 չեռնոբիլցի: Յուրաքանչյուր հիվանդի բուժման համար պետությունը վճարում է 173 հազար դրամ: ՄԱԳԱՏԵ-ի աջակցությամբ ձեռք է բերվել ռադիոիզոտոպային տոմոգրաֆ, որից օգտվում են չեռնոբիլցիները եւ երեխաները:

2001-ի հունվարի 15-ին նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը վերջապես ամբողջ ձայնով խոսում է քաղաքապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին: Նախագահը պահանջում էր մի քանի օրում լուծել խնդիրներ, շահել դատեր, լուծել քաղաքապետարանի ֆինանսավորման հարցը: Պաշտոնանկությունից հետո պարոն Բազեյանը կդիմի որպեսզի վերականգնի հաշմանդամ ազատամարտիկի նպաստն ու թոշակը: Նույն օրը նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը դուրս է գալիս «Երեւան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից: Առանց առարկության հոգաբարձուների խորհրդի նախագահ է դառնում քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը:

2001-ի հունվարի 17-ից կիրականացվեն համատարած հոսանքազրկումներ էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց չվճարողների շրջանում: Դրանք հիմնականում բյուջետային հիմնարկություններն են: Միայն քաղաքապետարանը 3 միլիարդ պարտք ունի Էլեկտրացանցին 15 միլիարդ դրամից: 5 միլիարդը բնակչությանն է:

Մշակույթի նախարարությունը 2001-ի այս օրերին հաջողությամբ ավարտել է Ազգային Պատկերասրահի գեղարվեստական արժեքների գույքագրումը: Սա վերջին 63 տարվա առաջին գույքագրումն է, պատկերասրահից բացակայում է հայ հեղինակների 53 ստեղծագործություն, որոնցից են Այվազովսկու, Բաժբեուկ Մելիքյանի Ստեփան Ալաջաջյանի, Հակոբ Հակոբյանի գործերը: Դրանք, այո, անհայտացել են, բայց դա, ըստ Մշակույթի նախարարի, թալանի արդյունք չէ, դա մամուլն է թալան կոչում:

Սահմանադրության խորհրդարանական տարբերակի կողմնակից 6 քաղաքական ուժերը ժողովրդին կոչ են անում դուրս գալ պայքարի, որպեսզի հանրաքվեի դրվի եւ իրենց եւ Ռոբերտ Քոչարյանի նախագիծը: Արամ Սարգսյանը հաշվարկել է, որ եթե Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, Հանրաքվեին պիտի մասնակցի 2,2 միլիոնը: 2011-ի հունվարի 15-ին ԱԼՄ-ի աշխատակազմը որոշում է դատական հայց ներկայացնել ՀՌԱՀ-ի դեմ իրենց եթերազրկելու եւ մի կտոր հացից զրկելու համար: ԱԼՄ-ին եթերազրկելն, ըստ Տիգրան Կարապետյանի, քաղաքական որոշում էր: Կարապետիչը հերքում է լուրերը, թե առաջիկա ընտրություններում իշխանություններն իրեն օգտագործելու են որպես կեղծ ընդդիմադիր:

2012-ի հունվարի 12-ին Երեւանի պետական ճարտարագիտական եւ ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարաններին ոչինչ այլեւս չի կարող բաժանել: 23 տարի առաջ նրանց միջեւ կառուցված պատը քանդվում է: