Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia 1
A A
Սպորտ

Շախմատի ՀՀ առաջնություն. Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց և գլխավորեց աղյուսակը

Շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար Արման Փաշիկյանը սևերով պարտվեց Սամվել Տեր-Սահակյանին: Արամ Հակոբյանը և Արման Միթայելյանն այս տուրում տարան իրենց առաջին հաղթանակները: Իսկ ահա Մամիկոն Ղարիբյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Սամվել Տեր-Սահակյանը: Նրանից կես միավոր քիչ ունի Արման Փաշիկյանը: Ապա հաջորդում են վեց շախմատիստ, ովքեր ունեն 1,5-ական միավոր:

Վաղը կայանալիք 4-րդ տուրում առաջատարը սևերով կմրցի ետնապահներից մեկի՝ Հայկ Մարտիրոսյանի հետ, ով վաստակել է 1 միավոր: Հատկապես սկզբունքային նշանակություն ունի երկու Արմանների՝ Փաշիկյանի և Միքայելյանի հակամարտությունը:

 

Կանանց առաջնությունում աղյուսակը շարունակում է գլխավորել Սուսաննա Գաբոյանը, որն այս տուրում հաշտություն կնքեց Սիրանուշ Ղուկասյանի հետ և կորցրեց առաջին կես միավորը: Իսկ ահա գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը սևերով պարտության մատնեց գրոսմայստեր Մարիա Կուրսովային, տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 2 միավորով հավասարվեց Աննա Խաչատրյանին ու Նարե Առաքելյանին:

 

Չորրորդ տուրում Սուսաննա Գաբոյանը սևերով կհանդիպի Աստղիկ Հակոբյանի հետ, ով ունի 1,5 միավոր: Մարիա Գևորգյանը դարձյալ սև խաղաքարերով ուժերը կչափի Մարիամ Ավետիսյանի հետ, ով նախորդ երկու պարտիաներն ոչ-ոքի է ավարտել: