Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134357
A A
Հասարակություն

Ավիատոմսը գնելիս ամեն ինչ կարդալ շատ մանրամասն․ Ռևազյանը՝ Ryanair-ի մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, անդրադառնալով Ryanair ավիաընկերության առաջարկած տոմսերի սակագներին, հայտարարեց, որ դրանք կարող են նաեւ թանկ լինել․

«Բոլոր ավիատոմսերը չեն 30 եվրո, շատ թանկ տոմսեր էլ կարող են լինել։ Լոուքոսթեր չի նշանակում էժան գին, նշանակում է, որ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, որը հնարավորություն է տալիս նվազեցնել ավիատոմսերի գները»,-ասաց նա։

Միաժամանակ 30 եվրոյով տոմս գնելու հնարավորության դեպքում էլ Տաթևիկ Ռևազյանը հորդորում է ուշադիր լինել, քանի որ դա  վճարվում է բուն ավիատոմսի համար։

«Այսինքն՝ Ryanair-ի պարագայում դա նշանակում է, որ շատ փոքր բեռ է թույլատրվում վերցնել, որը կարող է տեղավորվել աթոռի տակ։ Կոնկրետ չափսերը չեն գրել, բայց ասում են, որ դա պետք է կարողանա տեղավորվել աթոռի տակ։ Եթե ուզում եք՝ այլ չափսի ճամպրուկ, դրա համար արդեն մի փոքր ավել պետք է վճարել։ Եթե ուզում եք իմանալ, որ հստակ տեղ է պահված օդանավի մեջ, դա կրկին գումար է։ Ընդհանրապես այն գինը, որը երևում է կայքում, բուն ավիատոմսի գինն է»։

Ռևազյանը վստահեցնում է, որ ավիաընկերություններն իրենց կայքում տեղեկություններն այնպես են տեղադրում, որ հետո շատ դժվար կլինի ասել, թե նման բան ուղևորին չի տեղեկացվել։

Ռևազյանը ընդգծում է նաև, որ Ryanair ավիաընկերությունն ունի տոմսերի այնպիսի տարբերակներ, որոնք պահանջում են օնլայն check-in անել արդեն տնից և օդանավակայան գալ արդեն նստելու կտրոնը ձեռքին: Դա չանելու պարագայում  օդանավակայանում նրանից գանձելու են հավելյալ գումարը:

Ռեւազյանը հորդորում է ավիատոմսը գնելիս ամեն ինչ կարդալ շատ մանրամասն։

Տաթեւիկ Ռևազյանն անդրադարձավ նաև Եվահանձնաժողովի կողմից Քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելուն։ Տեղեկացրեց, որ շատ լուրջ պատրաստվում են աուդիտին, որը տեղի է ունենալու փետրվարի 3-ից 7ը, շատ լուրջ կազմով են ներկայանալու, ինչը, ըստ Ռևազյանի, ձեռնտու է մեզ համար․

«Մենք 100 տոկոս պատրաստված կլինեք և ներգրավել ենք շատ լուրջ մասնագետներ»։