Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Դաքար-2020» ավտոմրցավազքում պորտուգալացի մոտոցիկլիստ է մահացել

Սաուդյան Արաբիայում ընթացող «Դաքար-2020» բազմօրյա ավտոմրցավազքում առաջին լուրջ միջադեպն է տեղի ունեցել:

Մոտոցիկլետների 7-րդ փուլի ժամանակ մրցավազքի կառավարման կենտրոնում լուր են ստացել, որ ճանապարհի 276 կմ հատվածում մասնակիցներից մեկը վթարի է ենթարկվել: Շտապօգնության ուղղաթիռը 10 րոպե անց եղել է վթարի վայրում, ուր անգիտակից վիճակում հայտնաբերել են 40-ամյա պորտուգալացի մոտոցիկլիստ Պաուլ Գոնսալվեշին: Նա անմիջապես տեղափոխվել է մոտակայքում գտնվող Էլ-Հուբար քաղաքի հիվանդանոց, որտեղ, սակայն, մի քանի ժամ անց մարզիկը մահացել է. բժիշկներն արձանագրել են սրտի կանգ:

Պաուլ Գոնսալվեշը «Դաքարի» ավտոմրցավազքին առանց ընդմիջման մասնակցում էր 2006 թվականից, երբ այն դեռևս անցկացվում էր Աֆրիկայում: Նա չորս անգամ տեղ էր զբաղեցրել առաջին տասնյակում, իսկ 2015 թվականին գրավել էր մրցանակային 2-րդ հորիզոնականը և հռչակվել փոխչեմպիոն:

«Դաքար-2020»-ի կազմակերպիչները ավտոարշավորդի մահվան պատճառով չեղարկել են մոտոցիկլետների և կվադրոցիկլերի 8-րդ փուլերը: