Իրենց շահերի համար ենք այս որոշումը կայացնում․ նախարարը՝ Մարալիկի ծննդատան մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ Մարալիկի ծննդատան հնարավոր փակմանը։
Նախարարը նշեց, որ սա գլոբալ խնդիր է․
«Մենք 2018 թվականի կեսերից որոշեցինք վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատակարարող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը, որովհետև ժամանակին տրվում էին նախարարի հրամաններ կարգերի շնորհման՝ առաջին, երկրորդ, երրորդ, որոնց տակ ոչ մի հիմնավորում չկար, իսկ այդ կարգերը ենթադրում էին նաև ֆինանսական փոխհատուցման տարբերություններ։ Դրա համար կազմվեց մի մեծ հարցաշար, որը ներառում էր թե՛ շենքային պայմանները, թե՛ սարքավորումներով հագեցվածությունը, բաժանմունքների առկայությունը տարատեսակ, բժշկական կադրերով հագեցվածությունը, կադրերի պատրաստվածությունը և իհարկե, ծնունդների քանակը, որովհետև սա ուղիղ համեմատական է այդ ծառայությունների մատուցման որակի հետ»։
Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ խնդիր կա կանխարգելելու մանկական և մայրական մահացությունները, և այդ սկզբունքից ելնելով՝ որոշել են՝ ամենացածր շեմը սահմանվելու է 150 ծնունդը։
«Մենք մի բացառություն էինք սահմանել, որ աշխարհագրական անհասանելիության դեպքում մենք կարող ենք թուլ տալ , որ 150-ից ցածր լինի, վերաբերում էր Բերդին , Ճամբարակին և Մեղրիին։ 20 կամ 30 կիլոմետրը ավելի հեշտ հասանելի է, քան մի բարդ դեպքում երեխայի կյանքը փրկելը»։
Թորոսյանն ընդգծեց, որ բարդ դեպքերում հղիին հորդում են ավելի շուտ հոսպիտալացվել, որպեսզի մնա բժիշկների հսկողության տակ․
«Մեր բոլոր գործողությունները պետք է դիտարկել մանկական ու մայրական մահացությունները կանխարգելելու տեսանկյունից, և մենք այստեղ որևէ ֆինանսական տնտեսում չենք անում»։
Նախարը նշեց, որ Արթիկի բժշկական կենտրոնն ընդամենը 15 կիլոմետր է հեռու Մարալիկից, Ծաղկահովիտի դեպքում Ապարանի բժշկական կենտրոնն է, Եղվարդի դեպքում՝ Երևանը։
«Այսինքն՝ բոլոր բժշկական կենտրոններին հասանելի մոտ գտնվող ծննդատներ կան»։
«Եթե մենք ուզում ենք որակյալ բժշկական ծառայություններ հենց այն մարդկանց համար, ովքեր ճանապարհ էին փակում միգուցե տեղեկատվության պակասի կամ տեղեկատվության սխալ մատուցման պատճառով, մենք պատրաստ ենք բացատրել, որ հենց իրենց շահերի համար ենք այս որոշումը կայացնում»,- ասաց նա։