Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը գրավեց 1-ին, Շանթ Սարգսյանը՝ 2-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինԳրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաջող հանդես եկավ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած North American Open շախմատային փառատոնում:
Այս տարի գլխավոր մրցաշարին մասնակցեցին 86 շախմատիստ: Հովհաննես Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և ԱՄՆ-ը ներկայացնող վրացի գրոսմայստեր Զվիադ Իզորիայի հետ բաժանեց 1-2-րդ տեղը: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող հռչակվեց մեր շախմատիստը: Հովհաննես Գաբուզյանը գլխավոր մրցանակից բացի կստանա նաև 7500 դոլար պարգևավճար:
Հայաստանի շախմատիստները հաջող հանդես եկան նաև Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում ավարտված շախմատի փառատոնում՝ Chessfestival Groningen-ում: Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, բաժանեց 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա զբաղեցրեց 2-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց հոլանդացի միջազգային վարպետ Լիամ Ֆրոլիյկը:
Մեր մյուս շախմատիստը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ընդամենը կես միավորով ետ մնաց առաջատար եռյակից: Լրացուցիչ հաշվարկից հետո նրան բաժին հասավ 6-րդ տեղը: