Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 5-րդ տեղը զբաղեցրեց արագ շախմատի առաջնությունում

Մոսկվայում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը:

Տղամարդկանց մրցաշարում հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը 15 հնարավորից վաստակեց 11,5 միավոր: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, երրորդ՝ ամերիկացի Հիկարու Նակամուրան:

Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը, որը վաստակեց 10 միավոր և զբաղեցրեց պատվավոր 5-րդ տեղը: Ավաղ, մեր շախմատիստը միայն պարտվեց Մագնուս Կառլսենին, չնայած խաղասկզբում դիրքային առավելություն ուներ:

Հրանտ Մելքումյանը 9,5 միավորով զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի մյուս անդամ Գաբրիել Սարգսյանը բավարարվեց 57-րդ տեղով (8,5 միավոր): Իսկ ահա Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը վաստակեց ընդամենը 7,5 միավոր և առաջնությունն ավարտեց 112-րդ հորիզոնականում:

Կանանց մրցաշարում չեմպիոն դարձավ հնդկուհի Հումպի Կոներուն, որը 12 հնարավորից վաստակեց 9 միավոր և միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ չինացի Տինջե Լեից և Թուրքիայի ներկայացուցիչ Եկատերինա Աթալիկից:

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 8 միավորով գրավեց 12-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանն առաջնությունն ավարտեց 51-րդ հորիզոնականում (6,5 միավոր), Աննա Սարգսյանը՝ 66-րդում (6), Մարիա Գևորգյանը՝ 94-րդում (5):