Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134234
A A
Հասարակություն

«5-րդ ալիքի» վրա հոգեբանական և ֆինանսական ճնշման ամենախայտառակ օրինակն է․ հեռուստաընկերության տնօրեն (տեսանյութ)

«5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրողական թիմը մտահոգված է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորման առիթով։  Թավադյանի կալանավորումը ոտնձգություն է խոսքի ազատության հանդեպ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նա ներկայացրեց իրենք աշխատակիցների հայտարարությունը, որը պետք է հանձնեն միջազգային տարբեր կազմակերպությունների։

«Հայաստանի քաղաքական հետապնդումների այս շրջանում քրեական գործի հարուցումը շատ նման է քաղաքական հաշվեհարդարի։ Սա նաև «5-րդ ալիքի» վրա հոգեբանական և ֆինանսական ճնշման ամենախայտառակ օրինակն է։ Հեռուստաընկերությունը ստեղծման օրից ստիպված է եղել հաղթահարել մի շարք դժվարություններ, որոնք կապված են իշխանության կողմից ատելության կողմից քարոզի, լրատվամիջոցի  գործունեությունը սահմանափակելու պետական քաղաքականությամբ։ Պետական հաստատություններից հանրային նշանակության տեղեկություններ ստանալը մեր լրագրողների համար դարձել է անհնար։ Կառավարության անդամներից մեկնաբանություն ստանալը դատապարտվում է ձախողման։ Նրանք մերժում են հեռուստահաղորդման մասնակցելու հրավերները և անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում թղթակիցների հանդեպ»։

Հարություն Հարությունյանը նշեց, որ տնօրինությունը նախաձեռնել է և լրատվական գործընկերների աջակցությամբ հավաքել է ստորագրություններ՝ դատախազություն երաշխավորագիր ներկայացնելու համար, որպեսզի Արմեն Թավադյանին գրավի դիմաց ազատ արձակեն։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ օրեր առաջ ոստիկանության Կողմից հրապարակված տեսանյութում իրեն Ռոբերտ Քոչարյանի աջակից անվանող Վարուժան Մկրտչյանը հստակ գործողություններ է կատարել, որը հատուկ քննչական ծառայությունը համարում է ճնշում տուժողի նկատմամբ և ապօրինի գործողության ակտիվ դերակատար, սակայն նա այսօր ազատության մեջ է։

«Հատկանշական է, որ մինչև Վարուժան Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը նա հանդես էր գալիս հրապարակային հայտարարություններով, որ ինքը որևէ ցուցում չի ստացել և իր կատարած գործողությունները համարում է իրավաչափ։ Այն պահից սկսած, որ իրեն մեղադրանք է առաջադրվել, և ռիսկի տակ է հայտնվել, որ կարող է կալանավորվել, արդեն ուղղությունը թեքվել է դեպի Արմեն Թավադյանի կողմը։ Այդ անձը պատրաստակամություն է հայտնել իր ազատության դիմաց հավանաբար ծառայել Թավադյանին կալանավորելու հարցում։ Նշվում է, որ Թավադյանը եղել է ինչ-որ խմբավորման մեջ, որի անդամ Վարուժան Մկրտչյանը կատարել է այս- այս գործողությունները։ Սակայն որևէ նշում, թե Թավադյանը ի՞նչ գործողություն և ի՞նչ դերակատարում է ունեցել այդտեղ ձերբակալման արձանագրության և հետագայում մեղադրանք առաջադրելիս չի մատնանշվել» ։

Հովհաննես խուդոյանը նաև նշեց, որ այսօր բողոք պետք է  կներկայացնեն վերաքննիչ դատարան։

Լրագրողների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի կարծիքով՝ Արմեն Թավադյանի ձերբակալությունը ուղղված է ազատ խոսքի ճնշման ու լրատվամիջոցի գործունեության խոչընդոտմանը։

«Չպետք է միայն այս դեպքով եզրակացություն անենք այլ պետք է տեսնենք, թե այս մեկ ու կես տարվա ընթացքում ինչ խոչընդոտներ են եղել լրատվամիջոցի դեմ։ Փաստորեն մարդուն բերման են ենթարկում, և նախապես ծանուցում չի ստանում, բայց եթե նման դեպքերում անձը կարող է ազատության մեջ գտնվել, ապա իր դեպքում ամենախստագույն խափանման միջոցի տեսակն է ընտրվում»,- ասաց նա։

Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որոշելով 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին 2 ամսով կալանավորել։

Արմեն Թավադյանը ձերբակալվել է տուժողին կամ վկային սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասակածանքով