Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Զոհված զինծառայողների հարազատները փակել են Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարության դիմաց լարված իրավիճակ է՝ զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։

Քիչ առաջ նրանք փակեցին Տիգրան Մեծ պողոտան։ Պահանջում են, որ իրենց հետ հանդիպման գա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զոհված զինծառայողի հարազատներից մի քանիսը կառավարության շենքի ներսում հանդիպում ունեցան Քննչական կոմիտեի վարչության ներկայացուցիչներից մեկի հետ, սակայն չդադարեցրին ակցիան' ասելով, որ վստահում են միայն Նիկոլ Փաշինյանին։

Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ հարազատների մտավախությունը կապված է նրա հետ, որ մինչ այս պահը գործով կալանավորված որևէ անձ չկա։ Նրանք մտավախություն ունեն, որ արդար քննություն չի իրականացվի։

Հավաքվածներին լսելու իջավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Վերջինս առաջարկեց ներսում խնդրին տեղեկանալ, այնուհետև փոխանցել վարչապետին, հարազատները հրաժարվեցին՝ պնդելով, որ իրենց պահանջը փոխանցելու են միայն Նիկոլ Փաշինյանին։ Նաիրի Սարգսյանը վստահեցրեց, որ քիչ հետո իրենց պահանջը կփոխանցի վարչապետին։

Տիգրան Մեծ պողոտան շարունակում է փակ մնալ։

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն Աջամյանի հարազատներին տեղեկացրեց, որ վարչապետը ցանկանում էր նրանց հետ հանդիպել, սակայն իմանալով նրանց կողմից փողոցը փակելու մասին՝ հետ է վերադարձել իր աշխատասենյակ։ Նաիրի Սարգսյանն ասաց՝ այս պահին իրենց պահանջները կարող են ներկայացնել միայն իր միջոցով, հարազատները հրաժարվեցին՝ պնդելով, որ շարունակելու են փակ պահել փողոցը։

Աջամյանի հորեղբայրը տեղեկացրեց, որ իրենց մյուս հարազատները գյուղում փակելու են գնացքի ճանապարհը։ Ոստիկաններն այս պահին փորձում են բացել փողոցի երթևեկելի հատվածը։