Ավետիք Իշխանյան. «Հենրիխ Մխիթարյանի մոր դեմ ֆեյսբուքյան արշավը ցույց է տալիս հասարակության մի ստվար հատվածի մտածողության ցածր մակարդակը» Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես վրդովվել է ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի (նա նաեւ Հենրիխ Մխիթարյանի մայրն է-Ա. Հ.) նկատմամբ Ֆեյսբուքում ծավալված արշավից այն բանի համար, որ «համարձակվել է» ՀՖՖ նախագահի ընտրությունը որակել որպես խայտառակ շոու:
Aravot.am-ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանն ասաց. «Ընդունված եւ որեւէ մեկի կողմից մերժված չի, երբ ճանաչված մարդկանց հարազատները զբաղվում են այն ոլորտով, ինչ նրանց ընտանիքի հայտնի անդամներն են զբաղվում կամ ժամանակին զբաղվել: Օրինակ, Հովհաննես Թումանյանի դուստրը երկար ժամանակ եղել է Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը, Վահան Տերյանի դուստրը, Հրանտ Մաթեւոսյանի որդին է զբաղվում նրա ժառանգությամբ, նույնը՝ Շարլ Ազնավուրի որդին:
Այսպիսի օրինակներ շատ կարելի է բերել: Այնպես որ, բոլորովին էլ զարմանալի չէ, որ լուսահոգի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի կինը եւ հայկական ֆուտբոլի պարծանք Հենրիխ Մխիթարյանի մայրը զբաղվում է ֆուտբոլային գործունեությամբ: Ամբողջ կյանքում ապրելով ֆուտբոլային միջավայրում՝ նա շատ ավելի լավ է հասկանում ֆուտբոլից, քան, պայմանական ասած, ֆուտբոլասերներ, որոնք իրենց ֆուտբոլի գիտակ են համարում: Եվ անչափ տհաճ են այն հարձակումները, որ համացանցում սկսվել են Մարինա Թաշչյանի նկատմամբ:
Հնչեցվող դատողությունների մակարդակն այն աստիճանի է իջեցվել, որ տիկին Թաշչյանին մեղադրում են, իբրեւ, լափամանից օգտվելու համար: Այդպես գրողները, թերեւս, բոլորից լավ գիտեն, որ Հենրիխ Մխիթարյանը այնքան գումար է վաստակում, որ իրենք դրա ծավալը պատկերացնել անգամ ի վիճակի չեն, որ տիկին Թաշչյանի դուստրը՝ Մոնիկան, պաշտոն է զբաղեցնում ՈՒԵՖԱ-ում, եւ նրանց մայրը հաստատ ֆինանսական որեւէ խնդիր չունի: Ստեղծված իրավիճակը շատ հստակ ցույց է տալիս մեր հասարակության մի ստվար շերտի մտածողության ցածր մակարդակը: Ամոթ է, ի վերջո»: