Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բնապահպաններ
A A
Հասարակություն

Եթե դու քանդում ես ընդերքը, թունավորում ես շրջակա միջավայրը, ի՞նչ մաքուր գյուղատնտեսություն․ Կարինե Դանիելյան (տեսանյութ)

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանն այսօր կրկին անդրադարձավ «Լիդիան» ընկերության՝ Ամուլսարի հանքարդյունաբերության գործով արբիտրաժ դիմելու հայտարարություններին։ 

«Այն փաստը, որ իրենք ստիպված են եղել երկու նոր կազմակերպություն ստեղծել՝ գրանցելով Լոնդոնում և Տորոնտոյում, նշանակում է, որ հենց իրենք էլ գիտակցում են, որ չեն կարող դիմել միջազգային արբիտրաժ, քանի որ այդ ընկերությունները գրանցված են օֆշորային գոտում»,- նշեց իրավաբանը։

Վարդանյանի խոսքերով՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության՝ Լոնդոնում և Տորոնտոյում 2018 թվականին ստեղծված դուստր կազմակերպությունները հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը և դրանցից Լոնդոնինը (Մեծ Բրիտանիա)՝  ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու ժամկետն արդեն 6 ամիս է՝ լրացել է (Մեծ Բրիտանիայի հետ ներդրումային համաձայնագրով), իսկ Տորոնտոյինը (Կանադայի հետ համաձայնագրով)՝ սեպտեմբերի 11-ին։ Վարդանյանը համոզված է, որ «Լիդիան»-ում շատ լավ գիտակցում են, եթե հիմա դիմեն արբիտրաժ, միայն ծախսեր կլինի՝ առանց որևէ հաջողության։

«Որովհետև միայն այն պահը, որ իրենք գրանցվել և ստեղծվել են դեռ այն ժամանակ, երբ որ արդեն 2,5 ամիս ճանապարհները փակ են եղել, և ցույց են տալիս, որ իրենք ներդրում են արել չգործող կազմակերպության մեջ, ռիսկերն իրենց վրա է մնում։ Եվ հիմնավորվում է, որ դա արդարադատության և դատական պրոցեսի չարաշահում է, որովհետև ներդրողը կազմակերպություն է ստեղծում ինչ-որ դատական պրոցես իրականացնելու համար»,- մանրամասնեց Նազելի Վարդանյանը։ 

Իրավաբանը հղում արեց մի շարք օրենքների, ըստ որոնց՝ արգելվում է հանքարդյունաբերությունը՝ նշելով, որ դրանք բոլորը վերաբերում են Ամուլսարին կենդանիների և բույսերի կարմիրգրքային տեսակներ, պատմամշակութային հուշարձաններ, հանքային ջրերի աղբյուրներ, Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքարդյունահանման գործունեության արգելք։ 

Հանրային խորհրդի բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ մաքուր գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը համադրելի չեն Հայաստանում։ «Այս փոքր տարածքում եթե դու քանդում ես ընդերքը, թունավորում ես շրջակա միջավայրը, ի՞նչ մաքուր գյուղատնտեսություն»,- նշեց Դանիելյանը։

Նրա խոսքերով՝ եթե զբոսաշրջիկը շնչելու է վատ օդ, խմելու է վատ ջուր, ուտելու է թունավորված սնունդ, չի գա, և պետք է մտածել, թե որոնք են առաջնայնությունները և որ տարածքում ինչ է զարգացվում։

Բնապահպան, «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը հիշեցրեց Սևանի լճին մոտակա Դարանակ գյուղի օրինակը էկոհամակարգի խաթարման տեսանկյունից։ 

«Որտեղ որ կառուցվեց փոքր ՀԷԿ, և այդ փոքր ՀԷԿ-ը էնքան խախտեց էդ ամբողջ ջրային համակարգը, որ սկսել է ստացվել շատ վատ որակի խմելու ջուր։ Մենք այնտեղ եղել ենք, ամբողջ ջուրը վարակված է հերմիտներով, այսինքն՝ որդերով, որդեր են»,- ընդգծեց բնապահպանը։

Զարաֆյանն ասաց, որ երեխաները վարակված են, Սանիտարական տեսչությունը եկել-հաստատել է այդ փաստը։ Խմելու համար, ըստ նրա, բնակիչները ջուրը կտորի միջոցով անց են կանցնում, խմում, սակայն որդի ձվերը մնում են և խմելիս թափանցում են մարդու օրգանիզմ, որի պատճառով և բնակիչները վարակվում են։