Առանց կրթության չես կարող ունենալ բանակ․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում անցկացվում են «Կրթության ոլորտի բարեփոխումները և առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումներ։
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ կարևորագույն ոլորտը հենց կրթությունն է։
«Առանց կրթության չես կարող ունենալ բանակ։ Առանց կրթված սպայական անձնակազմի և զինվորների որևէ կերպ 21-րդ դարի մարտունակ բանակ չենք պատկերացնում։ Ռազմարդյունաբերության հիմքում, եթե չլինի ուժեղ գիտական բազա՝ ուժեղ բանակ, մարտունակ բանակ չենք պատկերացնում․ նույնը՝ առողջապահությունը, նույնը՝ տնտեսությունը»,- ընդգծեց պատգամավորը։
Ըստ նրա՝ եթե չկա համապատասխան կրթություն չի կարող լինել տնտեսական հեղափոխություն, ուստի և կրթությունը չի կարող չզուգակցվել տնտեսության, տնտեսության զարգացման տեսլականի հետ։
Հայրապետյանի խոսքերով հաջորդ շաբաթ քննարկվելիք Նախադպրոցական կրթության մասին օրինագիծը մեկ քայլ առաջ ու կարգավորումներ կապահովի այդ ոլորտում։ «Հանրակրթության հետ կապված խնդիրները, բացերը, անելիքներն անհամեմատ ավելի շատ են, բայց ես կուզեմ ևս մեկ անգամ նշել, որ 2020 թվականի բյուջեով բացառիկ թվով գումարներ են նախատեսվում դպրոցաշինության, դպրոցների բարեկարգման, բարելավման համար»,- նշեց նա։
Դպրոցներում՝ ըստ «Իմ քայլը» պատգամավորի, աշխատանքները պետք է միտված լինեն աշակերտին ազատություն տալու, ազատ մտքի, քննադատական մտածողության, ազատ մտածողության համար։ «Եթե դու ուզում ես որևէ երկրի աշխանության կամ կառավարող ուժի արժեհամակարգի մասին պատկերացում կազմել, ապա բավարար է, որպեսզի դու հայացք նետես կրթության քաղաքականության վրա, որ տվյալ կառավարող ուժն իրականացնում է»,- շեշտեց հանձնաժողովի նախագահը։
Խոսելով Բարձագույն կրթության և գիտության մասին օրինագծի մասին՝ Հայրապետյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ հարությունյանի հետ նախատեսել են 2020 Հունվարի 15-ից 20-ը խորհրդարանական լսումներ։