Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess
A A
Սպորտ Հասարակություն

Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը դեմ է դպրոցներում շախմատի դասավանդմանը

Շախմատում շատ է փոխվել, քանի որ ժամանակակից շախմատում օգտվում են համակարգիչներից, ինչի պատճառով կորում է խաղի ստեղծագործական կողմը, կարծում է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը։

Այսօր կայացավ Թբիլիսի - Երևան - Մինսկ տեսակամուրջ՝ «Շախմատը որպես սպորտ և կյանքի մի մաս. ավանդույթներից դեպի ապագա» թեմայով:

Բանավեճին Հայաստանից մասնակցում էր վետերանների աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը։ Նրա խորհրդանշական «մրցակիցներն» էին վրացի հանրահայտ շախմատիստուհի, աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին և բելառուսցի գործող շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Անաստասիա Սորոկինան։

Խոսելով շախմատում դոպինգ ստուգումների մասին՝ Ռաֆայել Վահանյանն ասաց, որ դա այնքան էլ լուրջ խնդիր չէ, որքան շախմատային խարդախությունները։ Նրա կարծիքով՝ տարեցտարի ավելանում է այն շախմատիստների թիվը, որոնք մրցումների ժամանակ գաղտնի օգտվում են տեխնիկական միջոցներից։

Խոսելով Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման մասին՝ Ռաֆայել Վահանյանն ասաց, որ ինքը դեմ է այդ ծրագրին, քանի որ դա կարող է բացասաբար ազդել երեխաների հոգեբանության վրա։

«Երկրորդ-երրորդ դասարանների երեխաներին շախմատ խաղալ պարտադրելը սխալ է։ Նրանք դեռ պատրաստ չեն լուծել շախմատային խնդիրները։ Ստիպված դիմում են ծնողների օգնությանը, վերջիններս՝ իրենց ծանոթներին, որոնք քիչ թե շատ հասկանում են շախմատից։ Դա իսկական ֆարս է։ Բացի այդ, չկան բավարար քանակությամբ մարզիչներ և ուսուցիչներ, որոնք ի վիճակի են երեխաներին սովորեցնել նորմալ շախմատ խաղալ», - եզրափակեց  գրոսմայստերը։

Ինչպես նշեց Նոնա Գափրինդաշվիլին,  Վրաստանում դպրոցներում աշակերտները ծանոթանում  են շախմատի կանոնների հետ, բայց քննություններ չեն հանձնում։ Անաստասիա Սորոկինան այդ կապակցությամբ հայտնեց, որ Բելառուսի դպրոցներում անցկացնում են ֆակուլտատիվ պարապմունքներ, որոնց ժամանակ ի հայտ եկած տաղանդաշատ երեխաների ծնողներին առաջարկում են ուսումը շարունակել հատուկ շախմատային դպրոցներում։